ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐ

Շատ հետաքրքիր Հանելուկ

 

Հագնում է կանաչ ու շքեղ շորեր

Եվ զարդարում է հողագունդը մեր,

Զարթոնք է բերում սարին ու դաշտին՝

Զուգում, պճնում է անտառ ու այգի:

/Գարուն/

***

Հագած ճերմակ, շքեղ բաճկոն՝

Զարդարում է ձեր երեկոն,

Ո՞վ է հյուրը այդ ցանկալի,

Որ բերում է ձեզ նոր տարի:

/Ձմեռ Պապ/

***

Ձմեռվա ցրտին՝ շրջում է տխուր,

Փշրանք տեսնելիս՝ ճտճտում-պարում,

Ո՞ր հագքն է, գիտե՞ս, տխուր ոստոստում,

Կանաչ գարուն է անվերջ երազում:

/Ճնճղուկ/

***

Երբ դնում ենք, կտրատում,

Մանրիկ-մանրիկ մասնատում,

Լացացնում է ինձ ու քեզ,

Անունն ասա, թե գիտես:

/Սոխ/

 

***

Ի՞նչն է ջերմորեն մեզ տաքացնում

Եվ քուն է մտնում մինչև իրիկուն,

Իսկ երբ գիշերն է դռները թակում,

նորից մեզ իր տաք գիրկն է ընդունում:

/Անկողին/

***

Ի՞նչ ջուլհակ է. մանում, հինում,

Գործում է, բայց սեղան չի դրվի,

Կլոր մարմնով, ծուռ-ծուռ ոտքերով,

Կտավ է հյուսում միշտ նույն զարդերով:

/Սարդ/

***

Անսահման թանկ է՝ փողով չի գնվի,

Ուտելիք է, բայց սեղան չի դրվի,

Կյանքով կյանք տվող մեղրանուշ նեկտար՝

Սուրբ է և շատ թանկ բոլորիս համար:

/Մայրական կաթ/

***

Ի՞նչն ենք դուրս հանում տնից ու բակից,

Մաքրում, տանում ենք մեր ոտքի տակից,

Նա պետք չի գալիս իր դուրս հանողին՝

Խառնվում է միշտ ավազ ու հողին:

/Աղբ/

***

Ճիշտ մտածիր, արդյոք գիտե՞ս,

Ի՞նչն է զուգում ու պճնում մեզ,

Երբ այն չկա, շատ ես նեղվում՝

Ամանչում ես ու սրտնեղում:

/Զգեստ/

***

Ուր որ գնում ես՝ ինքն է քեզ տանում,

Սար բարձրանալիս՝ դու ես վեր հանում,

Վազող գործիք է, ունի ղեկ ու սանձ,

Ինչպե՞ս են կոչում բոլորը նրան:

/Հեծանիվ/

***

Աղմկում է, ծափ տալիս,

Առաջ վազում՝ հետ գալիս,

Շոյում է քար ու ավազ,

Հետ է փախչում վազեվազ:

/Ալիք/

***

Վրան ունի թավ մուշտակ,

Կաթնաղբյուրը՝ կրծքի տակ,

Պարգևում է մթերքներ՝

Բուրդ ու բարիք, կաթ ու սեր:

/Ոչխար/

***

Թե որ մի հարցում դու դժվարանաս,

Քո չիմացածը իսկույն կիմանաս,

Իմացիր, ի՞նչ ընկեր է նա.

Թե ցանկանաս, խորհուրդ կտա:

/՝Բառարան-հանրագիտարան/

***

Չիմացած բանը քեզ կուսուցանի,

Գուշակիր՝ ի՞նչն է այնքան պիտանի,

Որի օգնությամբ շատ բան կիմանաս,

եթե նրա հետ դու մտերմանաս:

/Բառարան-զրուցարան/

***

Կանաչ ու ծփան, անթիվ եղբայրներ,

Թարմացնում են միշտ մթնոլորտը մեր,

Ե՛վ գիրք են դառնում, և՛ կահույք, և՛ տուն,

Մեծ բարեկամ են աշխարհին, մարդուն:

/Անտառ/

***

Ի՞նչն է՝ լռակյաց նստած մեր տան մեջ,

Տան տաք ու սառն է ցույց տալիս անվերջ,

Եվ, իր ցուցումին մենք հետևելով,

Զգուշանում ենք, ելնում մուշտակով:

/Ջերմաչափ/

***

Երեսունվեց քաջ, արի եղբայրներ

Մեր ուղեցույցն են բյուրավոր դարեր,

Ծաղիկ են դառնում, բացվում մեր շուրթին՝

Մենք փոխանցում ենք մեր սերունդներին:

/Մաշտոցյան այբուբեն/

***

Հազարածալ, հազար թերթիկ՝

Ունի անհուն խորհուրդ ու միտք,

Ով որ նրան ձեռքն է առնում,

Միտքը լույսով է զարդարվում:

/Գիրք/

***

Այն ի՞նչ իր է՝ դրված տան մեջ,

Որ պատկերդ ես տեսնում իր մեջ:

/Հայելի/

***

Պոչը թավիշ ու երկար,

Շրջում է լեռ, դաշտ ու սար,

Սրտում վախ կա ու մեծ ցավ՝

Երազում է թառ ու հավ:

/Աղվես/

***

Բազմանում է առվի ափին՝

Հարյուր շապիկ իր հագին,

Ջուր է սիրում ձիու պես,

Ի՞նչն է, ասա, թե գիտես:

/Կաղամբ/

***

Երեսուներկու ժիր եղբայրներ՝

Տրորում են սնունդը մեր,

Կարծր են, ճերմակ, թե գուշակես,

Նրանց ինչպե՞ս կանվանես:

/Ատամ/

***

Հատի առ հատիկ երբ հողն ենք դնում,

Նա բազմանում է ու տուն է դառնում,

Դառնում է բարիք մարդկության համար,

Կյանք է առնում միշտ քրտինքից արդար:

/Սերմ-բերք/

***

Մեծ ցնցուղ է՝ ջուրը առատ,

Եվ ջրում է աշխարհն արար,

Չի ստեղծվում մարդու ձեռքով,

Դաշտն է լցնում առատ բերքով:

/Անձրևաբեր ամպ/

***

Շրջում է տանն ու բակում՝

Բեղը սրած մուկ բռնում,

Պոչը երկար, թավամազ,

Քայլը՝ քնքուշ, նազենազ:

/Կատու/

***

Մի նյութ գիտեմ՝ կարծր ու ամուր,

Տաքացնելիս՝ դառնում է ջուր:

/Սառույց/

***

Հայրը՝ լոյս է՝ շիթ առ շիթ,

Մայրը՝ ջուր է՝ ջինջ, վճիտ,

Գիտեք որդուն՝ յոթնալար,

Որ ձգվում է սարից սար:

/Ծիածան/

***

Ծնվում է նա հրից, ջրից,

Մեզ ժպտում է հորիզոնից՝

Ունի աղեղ յոթնալար՝

Կամրջում է դաշտ ու սար:

/Ծիածան/

***

Թեև չենք տեսնում ու չենք շոշափում,

Բայց նրանով ենք ապրում ու ծնչում,

Իմացիր, ի՞նչ է անունը նրա՝

Անչափ կարևոր աշխարհի վրա:

/Օդ/

***

Մարդուն մոտիկ ու մտերիմ՝

Կենդանի է հավատարիմ,

Հսկում է նա փարախ ու բակ,

Չի ընդունում ոչ մի կաշառք:

/Շուն/

***

Ժայռի տակից դուրս կգամ,

Շրջապատիս կյանք կտամ

Ու, երգելով մեղմօրոր,

Վերից կիջնեմ դեպի ձոր:

/Աղբյուր/

***

Իմ խելամիտ, ժիր բարեկամ,

Ի՞նչ կանվանես արդյոք նրան,

Օգնում է նա տատիկներին,

Երբ դիմում են ասեղ-թելին:

/Ակնոց/

***

Մեզ հետ բնավ չի խոսում,

Բայց իր կամքն է մեզ ասում,

Նա է գործի դնում մեզ՝

Անունն ասա, թե գիտես:

/Ուղեղ/

***

Փափկամարմին, փափկամորթ,

Ոչ միջատ է, ոչ էլ որդ,

Ոչ թե նվաստ մի բրուտ

Ճարտարապետ է հմուտ:

Տուն է շինում բազմահարկ՝

Փայլփլուն ու միամուտք,

Ու տունն առած շալակին՝

Մագլցում է ծառ ու թուփ:

 

/Խխունջ/

***

Գուշակիր՝ ի՞նչ է, փոքրիկ ու բարակ,

Գարնանն ենք նրան թողնում հողի տակ,

Երբ մեծանում է ու հասակ առնում,

Եվ միրգ է տալիս, և շվաք անում:

 

/Ծառ/

***

Մտքերի, խոհի մառանն է նա,

Ի՞նչ է, գուշակիր անունը նրա,

Վերևում ունի մանրիկ խիտ անտառ՝

Ներևում՝ խոսքեր, ծաղկող բան ու բառ:

 

/Գլուխ/

 

 

 

 

***

Երկու բոլորակ, սիրուն-կլորակ,

Պատսպարված են մի բլրի տակ,

Իրար փնտրում են գիշեր ու ցերեկ,

Բայց չեն հանդիպում երբեք:

/Աչքեր/

***

Անհուն կապույտ է կտրում ու անցնում,

Մեզ գիրկը առած՝ հեռուներ տանում,

Ճախրում է ծով ու ցամաքի վրա՝

Գուշակեք՝ ի՞նչ է անունը նրա:

/Ինքնքթիռ/

***

Երբ որ ծնվում ենք՝ ի՞նչ են մեզ տալիս,

Որ ամբողջ կյանքում էլ պոկ չի գալիս:

/Անուն/

***

Վար է անում առանց լծկան,

Սուր խոփ ունի և մեծ գութան,

Հերկում է նա դաշտ ու ձոր,

Անվանում ենք ……

/Տրակտոր/

***

 

Ո՞վ է խուսափում դասից ու գրքից,

Եվ աչքը բնավ չի կտրում դրսից,

Կամ խանգարում է սրան ու նրան,

Ինչպե՞ս կանվանեք արդյոք դուք նրան:

/Ծույլ/

 

 

***

Այն ի՞նչ են մեզ վստահում,

Որ լսում ենք ու լռում,

Ու թե լավ չենք պահպանում,

Ողջ աշխարհն է իմանում:

/Գաղտնիք/

***

Նախշուն, նրբահույս ի՞նչ շոր ՝ գիտեք,

Մկրատ չի տեսել իր օրում երբեք:

/Փետուր/

***

Իչնչ է՝ ծամում է առաջ գնալիս,

Բայց իր ծամածը նա կուլ չի տալիս:

/Մկրատ/

***

Ուրիշի բնում նա ձու է դնում,

Ոչ թուխս է նստում, ոչ էլ ճուտ հանում,

Սրան-նրան է ձվերը թողնում

Ի՞նչ թռչուն է նա, ո՞նց է բազմանում:

/Կկու/

***

Ցերեկով խորքուն է մտնում,

Մթության մեջ՝ կեր է գտնում,

Այն ո՞ր հավքն է՝ մեծ աչքերով,

Որ տեսնում է լոկ գիշերով:

/Բվեճ/

***

Գեղեցիկ է ու բարետես՝

Գլխին մի փունջ սանրի պես,

Երբ նստում է, դադար առնում,

Իր անունն է միշտ կրկնում:

/Հոպոպ/

***

Փետուրներ են ծաղկուն, շքեղ,

Պոչը՝ երկար, հովհարաձև,

Ո՞ր թռչունն է, գույնով պես-պես,

Անունն ասա, եթե գիտես:

/Սիրամարգ/

***

Թխկթխկոցով միալար

Ծառն է մաքրում անդադար,

Ուտում է որդ ու թրթուր՝

Կտուցով սուր ու ամուր:

/Փայտփորիկ/

***

Սևիկ-սևիկ՝ պուտպուտիկ,

Ի՞նչ թռչուն է մեզ մոտիկ,

Որ գալիս է վաղ գարնան՝

Բույն ենք շինում մենք նրան:

/Սարյակ/

***

Ճերմակ արտում բերքս ցանեմ,

Երբ պետք լինի՝ նստեմ, քաղեմ,

Ի՞նչ բերք է, որ չի փչանում,

Ու ցանողն է անմահանում:

/Գիրք-ձեռագիր/

***

Ո՞ր թռչունն է՝ սև, կռկռան,

Հագին ունի սև պատմուճան,

Բույն է հյուսում ծառի ճյուղին,

Ու կռավում ամբողջ տարին:

/Ագռավ/

***

Պայծառ ժպտում է կապույտ երկնքից,

Ծիլերն է հանում մայր հողի գրկից,

Աշխարհին տալով իր պայծառ լույսը՝

Դառնում է կյանքի խորհուրդն ու հույսը:

/Արեգակ/

***

Նա մնջանում է ձմռան ցրտերին,

Նոր կյանք է առնում գարնան օրերին,

Զվարթ երգում է, անցնում դաշտ ու արտ՝

Իր շուրջը հյուսում գորգեր ծաղկազարդ:

/Առվակ/

***

Գարնան հետ գալիս, աշնանը՝ գնում,

Բարձրիկ տեղերում իր բույնն է դնում,

Երբ կեր է տալիս նա իր ձագերին՝

Թևն է դեմ անում բարկ արեգակին:

/Արագիլ/

***

Ունի սենյակներ, օթյակներ բազում,

Այն ի՞նչ կղզի է ջրերում վազում,

Նա պատրաստվում է մարդու ձեռքերով,

Ջրում է լողում՝ հանգիստ, ապահով:

/Նավ/

***

Ի՞նչ թռչուն է՝ սրաթև,

Շարժուն է նա ու թեթև,

Ինքը սև է՝ սաթի պես,

Կուրծքը՝ ճերմակ, կաթի պես:

/Ծիծեռնակ/

***

Իր կտուցով՝ փոքր ու սուր,

Բույն է շինում ամրակուռ,

Բույն է շինում քիվի տակ,

Անվանում են ….

/Ծիծեռնակ/

***

Ի՞նչ միջատ է ժրաջան,

Ճարտարապետ՝ աննման,

Ծաղիկից ծաղիկ թևածում՝

Աշխատում է օրնիբուն,

Ծաղկափոշին հավաքում,

Մարդուն ի՞նչ է պարգևում:

/Մեղու/

***

Այն ի՞նչն է, ի՞նչը, մտածիր փոքր-ինչ,

Առանց մտածել չի արվում ոչինչ,

Գլուխն է հողում, թևերն՝ օդում,

Շաքար է դառնում, սեղանին բազմում:

/Ճակնդեղ/

***

Շարժվող սար է՝ շատ ուժեղ,

Գերան ունի քթի տեղ,

Չունի ատամ ու ծամիչ,

Թե տաս՝ կուտի և չամիչ,

Արձակում է ահեղ ճիչ՝

Ջունգլիների բնակիչ:

/Փիղ/

***

Ճանկեր ունի՝ կեռ ու սուր,

Մեջքին՝ զրահ ամրակուռ,

Ձու է ածում հավի պես՝

Ի՞նչն է, ասա, թե գիտես:

/Կրիա/

***

Լիքը գալիս է, դատարկ՝ հետ գնում,

Ով ձեռքն է առնում՝ նրան է սնում,

Ի՞նչ իր է՝ գիտե՞ս, եթե մտածես՝

Ճիշտ պատասխանը իսկույն կգտնես;

/Գդալ/

***

Ի՞նչ մտրակ է՝ փայլում-շողում՝

Պոչը ամպում, ծայրը՝ հողում:

/Փայլակ-կայծակ/

***

Ի՞նչն է ինքնին մոլեգնում,

Սար ու ձորոր պտտվում,

Վազվզում է անդադար՝

Տեղ չի գտնում իր համար:

/Քամի/

***

Փորձիր գտնել, ի՞նչն է, գիտե՞ս,

Պոչը՝ շքեղ, հովհարի պես,

Ո՞ր թռչունն է քայլում կամաց՝

Հրապուրում բոլոր մարդկանց:

/Սիրամարգ/

***

Ի՞նչ բույս է, գիտե՞ք, երբ բերքը քաղում,

Թևերն ոլորում՝ հողում ենք թաղում,

Երբ որ գարունն է դռները թակում,

Ձեռքերից բռնում ու վեր ենք հանում:

/Խաղողի որթ/

***

Բանջարեղեն է՝ մանրիկ սերմերով,

Վզիկը՝ բարակ և ուռած փորով,

Նա չի վնասում ցանող-պահողին,

Կրակ է դառնում՝ այրում ուտողին:

/Տաքդեղ/

***

Հողին ենք հանձնում նրան գարնանը,

Եվ հատուցում է մեկին հազարը,

Բերկրանք է բերում հողի մշակին

Եվ սանձահարում հոգս ու կարիքին:

/Սերմ-բերք/

***

Գիտե՞ք, ի՞նչն է երգում, սուլում,

Դաշտ ու փողոց ավլում, սուրբ,

Օրը հազար երգ է հյուսում,

Բայց իր երգը չի էլ լսում:

/Քամի/

***

Առաջ է վազում ու ետ չի գալիս,

Որտեղով անցնում՝ նա կյանք է տալիս,

Զուգում, պճնում է թե այգի, թե բակ,

Բայց չի թաքնվում երբեք քարի տակ:

/Առվակ/

***

Ո՞վ է պապիկն այն բարի,

Որ բերում է նոր տարի,

Բաժանում է նվերներ՝

Գիրք, խաղալիք ու մրգեր:

/Ձմեռ Պապ/

***

Կանաչ խոտերն է նա արագ քաղում,

Բայց արմատները թողնում է հողում,

Ի՞նչ իր է, հիշիր, տուր ճիշտ պատասխան,

Ամռանը դաշտում կտեսնես նրան:

/Հնձիչ-գերանդի/

***

Շողշողում է գույնով պես-պես,

Մրսեցնում ձեռք ու երես,

Ամեն ձմեռ հյուր է գալիս,

Արևի տակ հուզում, լալիս:

/Ձյուն/

 

 

 

Խաղով՝ անմեռ, գնում-գալիս,

Ցամաք շուրթին՝ համբույր տալիս,

Կռվում է միշտ ափերի հետ,

Չի գործածում նիզակ ու նետ:

/Ալիք/

***

Ի՞նչ թռչուն է՝ թեթև ճախրում,

Իր կերն է միշտ ջրից հանում,

Իջնում է ցած, բարձրանում վեր,

Քիչ է սիրում անտառ ու լեռ:

/Ճայ/

***

Ի՞նչ է երգում՝ վազում ձորով,

Ձորը զուգում կանաչ շորով,

Կյանք է տալիս դաշտ ու ծառին,

Վազքով մտնում արտ ու այգի:

/Առու/

***

Թեև այգին պաշտպանում,

Բայց այգուց է կեր տանում,

Աչքեր ունի՝ մութ գիշեր,

Հագին՝ ասեղ, սուր փշեր:

/Ոզնի/

***

Ասես ձյուն է, ձյունից ճերմակ,

Բայց լողում է ծովում անափ,

Քուլաներն են բամբակի պես,

Ի՞նչն է, ասա, եթե գիտես:

/Ճերմակ ամպ/

***

Երբ երևում է՝ աշխարհին ի տես,

Լուսավորում է իր թևի տակ,

Չի վրդովվում ծովի նման,

Ի՞նչ կանվանես արդյոք նրան:

/Պարզ երկինք/

***

Ցրտում՝ պինդ ու կարծր է լինում,

Տաքանալիս՝ ջուր է դառնում:

Ամուր է նա քարի նման,

Ասա՝ ի՞նչ են ասում նրան:

/Սառույց/

***

Ճերմակ բացատ է՝ սև ծաղիկներով,

Եվ պտտվում է արար աշխարհով,

Մեզ հետ խոսում է ցանկացած պահին՝

Նորություններ է պատմում աշխարհին:

/Թերթ, լրագիր/

***

Երկու եղբայր՝ զուգահեռ,

Կրում են անքանակ բեռ,

Հեռու-հեռու են ձգվում,

Բայց իրար չեն հանդիպում:

/Երկաթուղային գծեր/

***

Ի՞նչ իր է նա՝ համր ու մունջ,

Ծառայում է անշշունջ,

Խոսեցնում է, խոսք ասում,

Բայց մեզ երբեք չի լսում:

/Գիրք/

***

Ի՞նչն է մտքերս իր թևին առնում,

Որտեղ որ պետք է՝ ՝ այնտեղ է տանում:

/Նամակ, հեռագիր/

***

Երբ մթնում է՝ հուզում, թախծում,

Մրմջում է ու արտասվում,

Ի՞նչն է ջրում դաշտ ու անտառ՝

Լինի գարուն, աշուն, ամառ:

/Անձրև/

***

Ապրում եմ ես լուռ ու մյունջ,

Ոլոր տունս՝ մի անուրջ,

Թե պատյանիս ձեռք չտաք՝

Կապրեմ ես գոհ, անտրտունջ:

/Խխունջ/

***

Նա թևեր չունի,

Չունի ձեռ ու ոտ,

Բայց սիրողներին

Կանչում է իր մոտ:

/Արձագանք/

***

Այն որ ծառն է՝ անպտուղ,

Հակվում առվին լուռ ու մունջ,

Թախծում գիշեր ու ցերեկ

Վարսերով իր մինչ աշուն:

/Ուռենի/

***

Գիտեմ երկու ժիր եղբայր,

Պտտվում են անդադար,

Երգ են ասում մեղմօրոր՝

Չափում վայրկյան, ժամ ու օր:

/Ժամացույցի սլաքներ/

***

Հագնում է նա կանաչ շորեր՝

Լինի ամառ, թե ցուրտ ձմեռ,

Որ ծառն է մեծ շուքով այնպես

Տարեմուտին հյուր գալիս մեզ:

/Եղևնի/

***

Մեր կողքին է ամեն ժամ,

Ու մեր շնչից անբաժան,

Ոչ գույն ունի, ոչ պատկեր,

Բայց մեր գովքին է արժան:

/Օդ/

***

Երբ խոր աշնանը հին շորն է հանում,

Զարդարանքներից մեկեն մերկանում,

Քամին ցրում է զարդերը նրա

Ու տիրակալ է իրեն հռչում:

/Անտառ/

***

Քեզ կանչում է, հմայում,

Թե իր խորքերն ես նայում,

Իսկ թե իրեն չնայես՝

Լոկ պատրանքդ է փայփայում:

/Հայելի/

***

Ձյունի փաթիլ եմ դաշտում,

Ջուր եմ խմում անկշտում,

Դառնում քուլա, դառնում շոր՝

Ինձ դրա համար են պաշտում:

/Բամբակ/

***

Ձայներ են որսում

Իրարից զատ-զատ,

Բայց ամփոփելիս

Դառնում հարազատ:

/Ականջներ/

***

Նա ձեր տունն է միշտ հսկում

Տարիների լուռ հոսքում,

Բայց երբ օտար ներխուժի՝

Կզգա սարսափ ու սոսկում:

/Շունը/

***

Վերից նա մանր է մաղում,

Կուտակվում է, կատաղում,

Բայց երբ հասնում է դաշտին՝

Մանկան նման է խաղում:

/Ջուր/

***

Բռնել է ափից՝

քամին չտանի,

Թե կտրես ափից՝

Հեռուն կտանի:

/Նավ/

***

Ջրից է ծնվում.

Որ նազով փայլի,

Գարնան շունչ առավ՝

Իսկույն կհալվի:

/Սառույց/

***

Ծառից ծառ է նա թռչում,

Սյուքի խոխված՝ անրջում,

Նրա վազքին չեն հասնում

Ոչ եղջերու, որ թռչուն:

/Քամի/

***

Չորքոտանի այս վկան

Կետն է, նմանը չկա,

Զի երբ պաշտոն ստացավ՝

Տիրակալ է նա հսկա:

/Աթոռ/

***

Ինձ հաճախ են նայում, հիշում,

Իրենց համար պահեր նշում,

Անգամ եթե ես չաշխատեմ՝

Կանգնած պահի պահն եմ նշում:

/Ժամացույց/

***

Ճոխ մառան է,

Կարմիր հուր,

Կարմրաթշիկ

հատ-հատ…

/Նուռ/

***

Աշխատում եմ ժրաջան

Թելակարս՝ լույս մարջան,

Շատ-շատերն են գնահատում

Աշխատանքս տքնաջան:

/Կարի մեքենա/

***

Հավաքում եմ փչակում

Տանձ ու խնձոր, նուշ, ընկույզ,

Ճյուղից ճյուղ եմ թռչկոտում՝

Դառնում զգոն հետախույզ:

/Սկյուռ/

***

Վեր գնալիս թանձրանում է,

Վար իջնելիս մանրանում է:

/Ամպ/

***

Տիրոջ հետ է նա քայլում,

Ընկնում, ելնում, այլալվում,

Իսկ երբ տերը կողքին չէ,

Նա ցնդում է, վերանում:

/Ստվեր/

***

Քեզ կանչում է, հայհոյում,

Թե իր խորքերն ես նայում,

Իսկ թե իրեն չնայես՝

Լոկ պատրանքդ է Փայփայում:

/Հայելի/

***

Ապրում եմ ես լուռ ու մունջ,

Ոլոր տունս՝ մի անջուր,

Թե պատյանիս ձեռք չտաք՝

Կապրեմ ես գոհ, անտրտունջ:

/Խխունջ/

***

Աշխատանքով անձնվեր

Քեզ տանում է վար ու վեր

Ինքն անշարժ է մշտապես

Բայց շարժվողին գործընկեր:

/Աստիճաններ/

***

Մաշկը հորթի, գառան է,

Ինքը՝ գրոց մառան է,

Ինչքան կարդաս՝ չի մաշվի,

Տեղը՝ Մատենադարան է:

/Մագաղաթ/

***

Նրանք լուռ են դարակում՝

Գաղտնիք պահած արանքում,

Իրենց էջերը թերթես՝

Սիրուց դառնում ես անքուն:

/Գրքեր/

***

Նա թևեր չունի

Չունի ձեռ ու ոտ,

Բայց սիրողներին

Կանչում է իր մոտ:

/Մագնիս/

***

Ձայնում եմ սարին ես քանի տարի.

Ասում եմ՝ այ խենթ, գալիս ես՝ արի,

Նրա հոգը չէ՝ սիրտս կմարի,-

Նույն պատասխանն է՝ գալիս ես՝ արի:

/Արձագանք/

***

Պատկերներով իր սահուն

Քեզ միշտ գամված է պահում,

Ողջ աշխարհն է ափի մեջ,

Ինքը՝ փակված սրահում:

/Հեռուստացույց/

 

 

 

***

Քեզ տանում է վեր ու վար՝

Ինչպես հմուտ նավավար,

Թե իր կոճակը սեղմես՝

Քեզ դարձնում է նա … ավար:

/Վերելակ/

***

Թավ անտառում այն խավար

Աշնան քամուն նա ավար,

Երբ դեռ գետնին չի հասել՝

Լողում է հանց նավավար:

/Աշնան տերև/

***

Ճեղքում է մեկեն

թանձր խավարը,

Նոր բացվող օրն է

Նրա ավարը:

/Լույս/

***

Հորդ անձրև էր. նա համրացավ,

Շանթ որոտաց. նա թարմացավ,

Սիրամարգի նման փքվեց՝

Իր տեսքից էլ նա զարմացավ:

/Ծիածան/

***

Գոռ երկինք է մխրճվել,

Տեսքով ուզում ես հրճվել,

Սառցասար է իր կրծքին,

Բայց չի ուզում նա թրջվել:

/Մասիս սարը/

***

Հարյուր ատամ բերանին,

Իսկ բերանը՝ գերանին:

/Սրոց/

***

Վրան ձորոր, լեռ ու արտ,

Ինքը տեսքով միշտ էլ հարթ:

/Նկար/

***

Նա միշտ գալիս է

Ձմեռ պապու հետ.

Մեր կյանքում բացում

Մի նոր արահետ:

/Նոր տարի/

***

Թռչունի նման

սուրում է օդում,

Կամա-ակամա

անվերջ որոտում:

/Ինքնաթիռ/

***

Ծփուն արտն է բոլորվել՝

Երբ երաշտն է «խորովել»

Փույթ չէ, նոր կյանք նա կառնի՝

Թե հնչի ժիր հորովել:

/Դաշտ/

***

Երբ առուն է բարակում,

Բոցն անտառին ճարակում,

Մրգաբեր եմ դառնում ես

Ձեր մառանի դարակում:

/Աշուն/

***

Բույնը տեսնում ենք ասես մեր ափում,

Սիրում են իրար, բարձր կափկափում,

Սիրո այնպիսի դասեր են տալիս,

Որ գարունն իրենց գալով ենք չափում:

/Արագիլներ/

***

Իր կյանքն է առնում

նա չոր ցամաքում,

Բայց իր ողջ կյանքը

Ջրում է անցնում:

/Նավ/

***

Աշխարհին, գարնան

Ավետիս բերեց,

Թեկուզ ապրեց կարճ՝

Բոլորիգ գերեց:

/Ձնծաղիկ/

***

Ես արև եմ՝

այգում թառած,

Բորբ արևի

Ոսկին առած:

/Արևածաղիկ/

***

Ջինջ երկնքին կարոտում,

Վեր է ելնում, նարոտում,

Կաթիլ, կաթիլ իջնում ցած՝

Երբ երկինքն է որոտում:

/Ամպ/

***

Ավետիս եմ, լրաբեր,

Բանագնաց ու բանբեր,

Ինչքան էլինձ ծրարեն՝

Միշտ մնում եմ գրաբեր:

/Նամակ/

***

Նա պառկում է ծովափին

Ու չի հուզվում գեթ նվազ,

Ջուրն է տալիս երբ լափին՝

Շունչն է փչում հազիվհազ:

/Ավազ/

***

 

 

 

Խենթխռով է, նաև գիժ,

Խաղ է անում անպատիժ,

Ձմռան պոչին տալիս մարտ,

Անուն առնում, դառնում…

/Մարտ/

***

Ինքը թիվ է, կետ ու նիշ,

Ունի անուն, վարկանիշ,

Այստեղ խոսքդ նա ծամում,

Ուրիշ ծայրում վերծանում:

/Մորզեի այբուբենը/

***

Տարվա օրերի չափ

Նա ունի հատիկ,

Կտրես՝ կդառնա

Ժպտուն ատամիկ:

/Նուռ/

***

Ամեն օր ծնվում,

բարև են ասում,

Հերթի պատճառով

իրար չեն տեսնում:

/Շաբաթվա օրեր/

***

Երկու եղբայր՝

կրտսեր, ավագ,

Հայոց բախտի

Համանվագ:

/Սիս, Մասիս/

***

Քեզ նկարում է,

ներսդ թափանցում,

Ինչ գաղտնիք ունես

Մեկեն է բացում:

/Ռենտգեն/

***

Բոցկլտում է, ճառագում,

Ամեն ինչ է ճարակում,

Բայց երբ իր հևքը մարի՝

Հետքն ամայի համարիր:

/Հրդեհ/

***

Ձեզ տալիս եմ ձնծաղիկ

Ու խնդության ծով ալիք,

Կանաչահևք, կանաչաշոր,

Կյանք հավերժող նոր բալիկ:

/Գարուն/

***

Նա քուլա-քուլա

Իջավ մայր հողին՝

Աչքը վախվորած՝

Արևի շողին:

/Ձյուն/

***

Խոսքդ գրով նշում է

Ու ամեն ինչ հիշում է,

Ողջը կրկնում հանց թութակ

Չի ուզում կեր ու վանդակ:

/Ձայնագրիչ/

***

Թաքնվում է խոտերում,

Անգամ անուշ հոտերում,

Քնքուշ բույրի անուշ ակ

Ու անունն է…

/Մանուշակ/

***

Անցնում հեկտար առ հեկտար՝

Նա հավաքում է նեկտար,

Թաթախվում է գույներում՝

Դառնում գույների նեկտար:

/Մեղու/

***

 

 

 

Մերթ ես պարզ եմ, մերթ էլ բարդ,

Մտքի տուտ եմ ես անհարթ,

Միտքս գտնես նորելուկ՝

Դու կլուծես…

/Հանելուկ/

***

Ծով մտքեր են առաքում՝

Իրենք քնած դարակում,

Քեզ լույս կտան ու ծով բերդ՝

Ծով գիտություն, տիեզերք:

/Գրքեր/

***

Բարձր ձայնով ղողանջում,

Շտապ իր մոտ է կանչում,

Ուզեց ասել գաղտնի բան՝

Ականջիդ է շշնջում:

/Հեռախոս/

 

 

 

***

Նա հագնում է կանաչ շոր,

Չալպուտուրիկ է, կլոր,

Մեջը կարմիր, կուտը՝ սև,

Եվ գրկում ենք հևիհև:

/Ձմերուկ/

***

Նա մի ծով է դեղնալիք,

Մեզ տալիս է ծով բարիք,

Մերթ ալեկոծ, մերթ հանդարտ,

Արի նրան ասենք…

/Արտ/

***

Ջրից ծնվում, ամրանում,

Ողջ ձմռանը համրանում,

Բայց երգ գարունն է կանչում՝

Դառնում է երգ կարկաչուն:

/Սառույց/

***

Դեմքը ժպտուն, լուսերես՝

Չարաճճի մանկան պես,

Այնքան մոտիկ է թվում.

Քիչ է մնում որ բռնես:

/Լուսին/

***

Լույս երկնքի խորանում

Նա աճում է, նորանում,

Բայց մութ ամպեր թե մոտ գան՝

Կկորչի մութ խորանում:

/Լուսին/

***

Սեղմեմ պատին՝ լույս է տալիս,

Փորձեմ բռնել՝ խույս է տալիս,

Երբ արևը արդեն չկա՝

Նա քեզ լույսի հույս է տալիս:

/Էլեկտրական լույս/

***

Երբ շնչում է սրտաբուխ՝

Արձակում է ծուխ ու մուխ,

Իսկ երբ ժայթքի բոցի պես՝

Եկեք ասենք…

/Հրաբուխ/

***

Նա մի հսկա է՝ ոտքերը հողում,

Իր բարիքով է սրտեր ողողում,

Միշտ դիմանում է վայրի հողմերին,

Իսկ երբ հուզվում է՝ քամուց է դողում:

/Ծառ/

***

Շողեր փռեց ցիրուցան,

Մարդիկ տեսանմ հիացան,

Թե երանգներն իր տեսնես՝

Պիտի կոչես…

/Ծիածան/

 

 

 

Նավի պես է

«Ծովն» իր հատում,

Տրանսպորտ է

Անապատում:

/Ուղտ/

***

Ունի մի լուրջ փորացավ.

Մեկ էլ տեսար՝ կորացավ,

Հենց որ տեսավ հավերին՝

Փորի ցավը նորացավ:

/Աղվես/

***

Կոճակներն ես ափիս մեջ,

Աներևույթ թափի մեջ,

Սեղմեմ՝ աշխարհ կշարժեմ.

Ողջ աշխարհն է ափիս մեջ:

/Հեռուստացույցի վահանակ/

***

Մարդկանց երթին անտարբեր,

Ոտքի վրա՝ տարուբեր,

Երբ անգործ է՝ լուռ ու մունջ,

Եթե չասես՝ տար ու բեր:

/Դուռ/

***

Մի ոտք ունի ու մի գունդ,

Տեղով ասես երկրագունդ,

Երբ պտտես՝ պարում է,

Չի ուզում ջուր ու սնունդ:

/Գլոբուս/

***

Պտտվում է գիշեր-ցերեկ,

Մեր այսօրը դարձնում երեկ,

Մեզ պահում է կրծքի վրա,-

Ասում՝ մարդիկ, դուք ինձ տեր եք:

/Երկրագունդ/

***

Նա մի թիվ է անիմաստ,

Ինչպես գրես՝ թարս-շիտակ,

Թվից հետո թե դրվի՝

Ձեռք է բերում նոր իմաստ:

/Զրո/

***

Կանաչ հյուսք է, կանաչ շառաչ.

Հպարտ անգամ ձմռան առաջ,

Ողջ տարին է դալար մնում,

Ցրտից անգամ չունի հառաչ:

/Եղևնի/

***

Ինչ գրում եք, նկարում.

Ինքը գլուխ չի հանում,

Ինչքան էլ որ տանջում եք՝

Համբերում է, դիմանում:

/Թուղթ/

***

Թևեր ունի թռչունի պես

Ու թռչում է թռչունի պես,

Բայց թևերը թափ չի տալիս,

Ոչ էլ ծալում թռչունի պես:

/Ինքնաթիռ/

***

Աճպարար է լարի վրա,

Պարում է հենց գետնի վրա,

Լոկ մի ձող է նրան պահում

Իր ճանապարհ՝ լարի վրա:

 

/Լարախաղաց/

***

Ունի երկար նա վարսեր,

Ճոխ ոլորքներ ու դարսեր,

Հաճախ նոթերն է կիտում՝

Անգամ թե տաս դու վառ սեր:

/Լացող ուռենի/

***

Բամբ որոտաց մութ երկնքում,

Գլուլ լացեց,

Ծիածաված երազն արթուն

Հանդես բացեց:

/Ամպ/

***

Ջինջ աչքով է քեզ նայում,

Քեզ՝ քո տեսքով հմայում,

Կթրթռա՝ թե ձեռք տաս.

Կրակին չի խնայում:

/Ջուր/

 

 

 

***

Ոսկեփայլ է,

Ոսկեշող,

Լազուր երկնին

Ականջօղ:

/Արև/

***

Բերքը նրա քաղցրանում է,

Դառնում ճութ,

Հավաքելը հանդես է մի՝

Այգեկութ:

/Խաղող/

***

Ողջ գիշերը ինձ հետ մնում է արթուն,

Միտքս է կարդում շարունակ,

Չի էլ քնում՝ երբ ժամացույցը անքուն

Մեղմիկ երգում է թիկ-թակ:

/Լուսամփոփ/

***

Անձրև եկավ՝

Ժիր վազում է,

Բարկ արևից

նվազում է:

/Առու/

***

Ամպը որոտա՝

Մեկեն շանթում է,

Հենց հասավ հողին՝

Ասես բանտում է:

/Կայծակ/

***

Հուզվում է այնպես՝

Ասես պարում է,

Երբ ափին հասավ՝

Անդարձ մարում է:

/Ալիք/

***

Երկծալ ծունկ է

ու սապատ,

Սիրած տեղը-

Անապատ:

/Ուղտ/

***

Լուռ ու մունջ են,

երբ անգործ են,

Իսկ երբ փորձես՝

Աչալուրջ են:

/Ականջ/

***

Ինչ կա մեջքին՝

Թավ է տալիս,

Երբ հուզվում է՝

Ծափ է տալիս:

/Ծով/

***

Ինչ էլ որ տաս՝

Կուլ է տալիս,

Կերածի չափ

Ետ է տալիս:

/Ջրաղաց/

***

«Հյուր» է գնում թաքուն-թաքուն,

Հավանոցում մնում արթուն,

Սուտմեռուկի անմեղ խաղով

Դատարկում է ողջ հավաբուն:

/Աղվես/

***

Անձնագիրն եմ

ես Մաշտոցի

Պահապանն եմ

Տառ-հնոցի:

/Այբուբեն/

***

Կլոր գնդակ է ասես.

Փաթաթվել է հարսի պես,

Դարս-դարս ճերմակ շորերով

Ասես բացել է հանդես:

/Կաղամբ/

***

Նա պարծենկոտի

Ունի համարում,

Զի բացվող օրվան

Տեր է համարում:

/Աքաղաղ/

***

Քեզ միշտ հեռուն է տանում

Քեզ քո ուզած ափ հանում,

Բյուր ծովեր են ոտքի տակ,

Բայց ցամաք, չի բանում:

/Նավ/

***

Հիվանդի ջերմ թևի տակ

Դրին թվերով սանդղակ,

Սանդղակն հուզվեց, ու մարմնով

Վազեց կարմիր մի ալյակ:

/Ջերմաչափ/

***

Ունի լեռներ, ունի գետ,

Ճանապարհներ, արահետ,

Բույր աշխարհներ իր գրկում.

Ինքն իմաստուն ու… անգետ:

/Քարտեզ/

***

Նա չափում է անտառ, գետ,

Մեջքը՝ հարմար դիտակետ,

Ինքը սարի պես հսկա,

Պոչը՝ փոքրիկ ստորակետ:

/Փիղ/

***

Նա մի կախարդ է բարի,

Մատով դիպչես՝ կպարի,

Քեզ տանում է վեր ու վար,

Որ փափագդ կատարի:

/Վերելակ/

***

Միշտ անձայն է մտածում,

Քո մտքերում թևածում,

Հազար գաղտնիք քեզ կտա՝

Թե իրեն սեր ես տածում:

/Գիրք/

***

Նույն աշխարհ ենք մենք տեսնում,

Իրար օգնում ու հասնում,

Եղբայրներ ենք հարազատ,

Սակայն իրար չենք տեսնում:

/Աչքեր/

***

Նա մերթ միջնորդ է անխոս,

Մերթ լեզվանի, շատախոս,

Կապում մեզ ողջ աշխարհին,

Լարով ասում՝ արի հոս:

/Հեռախոս/

 

Ծնվում է ու մեծանում,
Հենց նույն օրն էլ` մահանում,
Հետո նորից կյանք առած
Պայծառ շորեր է հագնում:

(Արև)

* * *

Ամբողջ օրը տանը մնում,
Բեհեզ բարձի վրա քնում,
Հենց որ մուկ է տեսնում հանկարծ,
Բազեի պես որս է անում:

(Կատու)

* * *

Հողն է մտնում, մահանում,
Հետո նորից կյանք առնում,
Աչքը հառած երկնքին,
Տարածվում է, շատանում:

(Ցորեն)

* * *

Չորս ոտք ունի, բայց շուն չի,
Զու է ածում, թռչուն չի,
Խոտ է ուտում կովի պես,
Պատյան ունի, բայց տուն չի:

(Կրիա)

* * *

Տուն է սպիտակ, լայնատարած,
Սև հավիկներ մեջը թառած,
Խոսում են ու զրույց անում՝
Մարդու նման լեզու առած:

(Գիրք)

* * *

Ամբողջ օրը քուն չունի,
Լայն դաշտերում տուն չունի,
Ծաղկից ծաղիկ է թռչում,
Փեթակ ունի, բուն չունի:

(Մեղու)

* * *

Արքա չունեն, սակայն արագ
Կազմում են մեծ, ահեղ բանակ,
Հենց մտնում են արտը հասած՝
Բերքն են հնձում առանց դանակ:

(Մորեխ)

* * *

Գիշերով է նա լույս տալիս,
Եվ ապրում է ճիշտ մեկ ամիս,
Կիսվում է նախ և նորանում,
Կլոր դեմքով՝ աշխարհ գալիս:

(Լուսին)

* * *

Տեսա իմ հոգու հոգին
Հողում թաղվեց, մահացավ,
Շատ չարչարվեց ու կրկին
Ծիլ արձակեց, բարձրացավ,

Սրի բերան նա ընկավ,
Քարով ճզմվեց, փշրվեց,
Հետո բոցում այրվեց,
Նոր կյանք առած՝ ետ եկավ:

(Ցորեն)

* * *

Հսկայական փռում թխած
Մի գաթա կա սիրուն, գլոր,
Թխողն ինչքան ծայրից պոկում,
Նորից է նա դառնում կլոր:

(Լուսին)

* * *

Նա որսորդ է չար ու անգութ,
Հագին մուշտակ՝ սիրուն, պուտ-պուտ,
Ժանիքը սուր, ագին բարակ,
Եվ աչքերն են մի-մի ճրագ:

(Հովազ)

* * *

Ճարտարագետ և իմաստուն,
Ծաղկի փոշուց շինում է տուն,
Լեզուն՝ քաղցր, ինքը բարի,
Չունի դադար, հանգիստ ու քուն:

(Մեղու)

* * *

Մի օձ կա մեծ, գույնը կապույտ,
Հա գնում է պտույտ-պտույտ,
Նրանով են սնվում անվերջ
Ծառ ու ծաղիկ, խոտ ու առվույտ:

(Գետ)

* * *

Մանուկն եկավ՝ պայծառ, անգին,
Կանաչ շորեր ունի հագին,
Թողեց հետքեր նա ամենուր,
Ծաղկով լցրեց դաշտն ու այգին:

(Գարուն)

* * *

Մի տախտակ կա քառանկյուն,
Առանց դրա չկա տուն,
Մինչև ամուր չփակես
Դու չես մտնի հանգիստ քուն:

(Դուռ)

* * *

Նա ապրում է շարժուն տան մեջ,
Ծտի նման խայտում անվերջ,
Առավոտից մինչ իրիկուն
Չունի հանգիստ ու չունի քուն:

(Ձուկ)

* * *

Երեկ տեսա մի քարավան
Ճամփա ելած՝ գնում էր Վան,
Պոչ-պոչ բռնած, շարքով կարգին
Մի-մի հատիկ առած մեջքին:

(Մրջյուն)

* * *

Մի թռչուն կա շատ իմաստուն,
Բարեկամ է նա միշտ մարդուն,
Աղմկում է, ձայնեղ կանչում,
Երբ որ գող է մտնում իր տուն:

(Սագ)

* * *

Կա մի գմբեթ` բարձր ու լայն,
Կանգնած անսյուն ու անգերան,
Մեջը կանթեղ` պայծառ լույսով,
Կախված ջահեր, առանց պարան:

(Երկինք)

* * *

Խոսում է նա, լեզու չունի,
Շրջում է նա, ոտքեր չունի,
Բայց մտնում է ամեն մի տուն,
Ուրախ լուրեր բերում մարդուն:

(Նամակ)

* * *

Կյանք է տալիս, բայց ինքն՝ անկյանք,
Հյուր է գալիս, աշխարհ մտնում,
Պարգևում է լույս ու բերկրանք,
Երբ գնում է, օրն է մթնում:

(Արև)

* * *

Թռչուն անթև ու անփետուր,
Բայց շրջում է նա ամենուր,
Նրա համար սահման չկա
Ոչ գետ ու ծով, ոչ լեռ, բլուր:

(Միտք)

* * *

Հողից շինեցին,
Բոցում թրծեցին,
Կախեցին սյունից,
Տարան, բերեցին:

(Խնոցի)

* * *

Մի բան գիտեմ զարմանալի,
Նա մագիլներ ունի հավի,
Մութ անտառն է իրար տալիս,
Հարթում սիրուն ու ետ գալիս:

(Սանր)

 

Оставьте комментарий