Հոնի բուժիչ հատկությունները
Հայտնի է հնագույն ժամանակներից, հետքերը հայտնաբերվել են Շվեյցարիայում` ավելի քան 5000 տարվա վաղեմության շինությունում։ Հոնազգիների ընտանիքն ընդգրկում է ավելի քան 30 տեսակներ։ Ունեն տերևաթափ ծառի կամ թփի տեսք, կան բազմամյա խոտաբույսեր, մշտադալար տեսակներ։
Գիտական անվանումն է` Cornus։ Հին Հունաստանում և Հռոմում բույսը շատ հարգի է եղել` պտուղները մշակել և դրել են աղի մեջ, ինչպես ձիթապտուղը։ Տարածված է Սարդինիա կղզում, ուր Cornus բնակավայրի մոտ Ք.ա. 3-րդ դարում ճակատամարտ է եղել Հռոմի և Կարթագենի զորքերի մեջ։
Ըստ ավանդազրույցի` Ռոմուլն իր նիզակով շրջան է ուրվագծում և խրում այն կենտրոնում հողի մեջ։ Աճում է մի հոնի, իսկ ծառի շուրջը տարածվում է չքնաղ Հռոմը։
Հին ժամանակներում հոնը համարել են արյունոտ ծառ, քանի որ աշնանը մատղաշ ծիլերը կարմրում են։
Ըստ մեկ այլ ավանդազրույցի` այս ծառից են պատրաստել Սուրբ Խաչը։ Հոնը եղել է Երուսաղեմում աճող ամենամեծ ծառատեսակը։ Սակայն այն փոքրացրել և վերափոխել են, ճյուղերը կախվել են ներքև, ծաղկի թերթիկները` դարձրել չորս հատ և «խաչել», առէջքները կարմրել են, փշերը` ստացել գամերի տեսք, իսկ պտուղների հյութը` արյան գույն։
Փայտանյութը շատ ամուր է և ճկուն, չմաշվող, դիմացկուն է հարվածային բեռնվածքների հանդեպ։ Հնում պատրաստել են նիզակներ և նետեր, նավակներ, դանակներ, մաքոք, ժամացույցների անվիկներ, կոճակ։
Արդյո՞ք այս ծառի բնափայտից է պատրաստված եղել Հայկ նահապետի նետը, որի մեկ զարկը տապալեց Հսկայակազմ Բելին։ Հնագույն ժամանակներից ռազմիկներն ունեցել են իրենց մոտ հոնի լավաշը։ Այն կանխարգելել է դիզենտերիան և լնդախտը։
Լայնորեն կիրառվել է նաև ցարական բանակում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։
Բույսը կիրառում են կաշվեգործության մեջ, նուրբ, մոխրականաչավուն ներկանյութ ստանալու համար։
Հոնի արականը կամ սովորականը C. max հնագույն ժամանակներից աճում է մեր հայրենիքում։ ՀՀ բնական պայմաններում տարածված է հյուսիսարևելյան շրջանների, Սյունիքի խառն անտառներում, ծովի մակերևույթից մինչև 1100-1400 մ բարձրության վրա։ Ստվերասեր, ցրտադիմացկուն, երաշտադիմացկուն բույս է, ոչ պահանջկոտ հողատեսակի հանդեպ։
Ոսկեդեղին ծաղիկները հավաքված են վահանաձև ծաղկափթթությունների մեջ, ծաղկում է փետրվարի վերջին-մարտին։ Ծաղկման շրջանը 10-14 օր է։ Մեղրատու բույս է, ծաղկափոշին` վաղ գարնանային մեղվահացի հումքի մատակարար։ Պտղաբերում է 12-րդ տարում (մինչև 30 կգ), հասուն ծառը տալիս է մոտ 100 կգ բերք, ապրում է 120 տարի, հաճախ` մինչև 250։
Բույսի անգլերեն անվանումներից մեկը` Hound tree, կարծես թե ինչ-որ հեռավոր աղերս ունի «հոնի» հետ։ Հայերենում անվանվում է նաև զողալենի` հավանաբար այն տեսակներն են, որոնք ունեն թփանման խոտաբույսի տեսք։
Հնագույն ժամանակներից հայտնի են եղել բույսի բուժիչ հատկությունները։ Օգտագործվում է միայն ժողովրդական բժշկության մեջ։ Բուժահումք են հանդիսանում արմատը, կեղևը, տերևը, պտուղը, նույնիսկ կորիզը։
Պտուղը հարուստ է P-ակտիվություն ունեցող նյութերով (ռուտին) և ասկորբինաթթվով, ինչի շնորհիվ ունի ճնշումն իջեցնող հատկություն։ Հարուստ է կարոտինով, պարունակում է տոկոֆերոլներ (E), ունի հակաօքսիդանտ հատկություն։ Կալիումը և մագնիումն օգտակար են սրտին։
Հոնի պտուղը լավացնում է ախորժակը, սթափեցնում գինովցած մարդուն, որպես կանխարգելիչ միջոց` խորհուրդ է տրվում, եթե կա սնդիկից կամ կապարից թունավորվելու վտանգ։ Պտղի մեջ պարունակվող պեկտինը և բջջանյութը նպաստում են թույների հեռացմանն օրգանիզմից։
Հյութն օգտակար է շաքարային դիաբետի, կարծրախտի (սկլերոզ), մրսածության, գիրության դեպքում, կանխարգելում է ածխաջրերի փոխակերպումը ճարպի։
Պտուղը հարուստ է օրգանական թթուներով` խնձորի, կիտրոնի, սաթի (մինչև 3,5 տոկոս)։ Չինացիները պտղի թուրմով բուժում են ցիստիտը, ականջների աղմուկը, հյութը և օշարակը խորհուրդ են տալիս` որպես օրգանիզմն ամրացնող միջոց։ Հոնի հյութը բուժում է խորը վերքերը, գինու հետ խառնուրդը հեռացնում է իժի թույնը։
Արմատը կամ կեղևը վայրի տանձենու պտղի հետ (1։3) համատեղ եփված` բուժում են լուծը։ Պտղի արմատի կամ կեղևի եփուկը կիրառում են մալարիայի, տենդի, թոքախտի բուժման ժամանակ։
Հոնի և վայրի տանձենու պտուղներից պատրաստված կոմպոտն օգտակար է միզապարկի, երիկամների բորբոքման դեպքում, նվազեցնում է միզաթթվի պարունակությունն օրգանիզմում, նպաստում է մանր քարերի հեռացմանը։
Հոնի և խնձորի թանձր եփուկն ավելացնում է արյունը։
Ցավեր մեջքի հատվածում. Տրորեք պտուղը, տեղադրեք լաթե պարկիկի մեջ, ամրացրեք ցավոտ հատվածին։
Աղմուկ ականջներում. Մանրացրեք հոնի ծառի արմատը, 2 թ/գ 30 րոպե եփեք 200 մլ ջրում (փակ կափարիչի տակ), ավելացրեք 2 ճ/գ երեքնուկ կարմիրի խոտը։ Թրմեք 1 ժամ, քամեք։ Խմեք 2-ական ճ/գ, օրը 3 անգամ` սնվելուց կես ժամ առաջ։
Շաքարային դիաբետ. Խառնեք հոնի հյութը ջրի հետ (1։1), խմեք 50-ական մլ, օրը 1-3 անգամ` սնվելուց կես ժամ առաջ։
Հիպերտոնիա. 1 ճ/գ մանրացրած պտուղը (առանց կորիզի) 10 րոպե եփեք 200 մլ ջրում։ Խմեք 100-ական մլ, օրը 2-3 անգամ` սնվելուց 1 ժամ հետո։
Միգրեն. Պատրաստեք և խմեք վերոգրյալ ձևով` 40 գ պտղամիսը։
Թութք, լուծ. 2 ճ/գ պտուղը (կորիզով) 2 ժամ եփեք թույլ կրակի վրա, 500 մլ ջրի մեջ (փակ կափարիչի տակ)։ Քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 3 անգամ։ Շարունակեք 2-3 շաբաթ։
Ռևմատիզմ, հոդատապ.1 ճ/գ արմատը 2 ժամ թրմեք 200 մլ եռջրում։ Քամեք։ Խմեք 2-ական ճ/գ` օրը 3 անգամ։
Զգուշացում։ Պտուղը և թարմ հյութը հակացուցված են` ստամոքսահյութի բարձր թթվայնության դեպքում։
Չամիչի օգտակար հատկությունները
Չամիչի օգտակար և բուժիչ հատկությունները հայտնի են դեռևս վաղ ժամանակներից: Չամիչն ամրապնդում է նյարդային համակարգը, ազդում է որպես հանգստացնող միջոց: Բժիշկները խորհուրդ են տալիս չամիչ ուտել անեմիայի և ընդհանուր թուլության ժամանակ, տենդի և աղեստամոքսային տրակտի խանգարումների ժամանակ, ինչպես նաև սրտի և երիմաների հիվանդությունների ժամանակ:
Չամիչի բուժիչ հատկությունները պայմանավորված են չոր մրգերում առկա օգտակար հանքային աղերով, օրգանական թթուներով և վիտամիններով: Շաքարների` գլյուկոզայի և ֆրուկտոզայի քանակը չամիչում 8 անգամ ավելի բարձր է, քան խաղողի մեջ: Չամիչի մեջ առկա են մեծ քանակությամբ պրոտեիններ, թիամին և նիացին, ճարպեր, ինչպեսս նաև բազմաթին հանքային աղեր:
Մուգ չամիչը, սև խաղողը և դրանից պատրաստված գինին ավելի օգտակար են, քան դրանց բաց տեսակները: Անգամ կարիեսը և լնդերի հիվանդությունները կարելի է բուժել չամիչի օգնությամբ: Դրանում առկա հակաօքսիդանտները ճնշում են ատամնաբուժական բազմաթիվ հիվանդությունների պատճառ հանդիսացող մանրէների աճը:
Օգտակար հատկությունների շնորհիվ չամիչն ամրապնդում է թոքերը, սիրտը, նյարդային համակարգը, այն անգամ ճնշում է ցասումը և հանդարտեցնում նյարդերը: Չամիչի հատկություններն էապես գերազանցում են խաղողի հատկություններին, ինչի մասին գիտեին նույնիսկ հազարամյակներ առաջ: Չամիչը օգտագործվում էր բժշկության մեջ դեռևս վաղուց: Չամիչի եփուկը և սոխի հյութն օգտակար են հազի, մրսածության, կոկորդի հիվանդությունների ժամանակ: 100 գրամ չամիչի վրա լցնել եփած ջուր և թողնել 10 րոպե, ճզմել, ապա խառնել մեկ գդալ սոխի հյութի հետ և խմել կես բաժակ օրական 3 անգամ: Ուժեղ հազի և բրոնխիտի ժամանակ 30 գ չամիչը 45 րոպե թողնել եփած սառեցված ջրում և քնելուց առաջ ուտել տաք կաթի հետ միասին:
Չամիչն օգտակար է նրանց, ովքեր`
– ցանկանում են ամրապնդել իրենց իմունիտետը:
– լարված են, տառապում են անքնությամբ, հաճախ բողոքում են վատ տրամադրությունից:
– տառպում են օստեոխոնդրոզից կամ օստեոպորոզից:
– հիվանդ են անեմիայով:
Յուրաքանչյուր սերմ հայտնվելով բարենպաստ պայմաններում` փոքրիկ ծիլ է տալիս, որը կախված գենետիկ ծրագրից` դառնում է խոտաբույս, թուփ, ծառ, լիանա, ջրիմուռ, և այլն։
Մարդը հնագույն ժամանակներից հասկացել է, որ սերմում պարունակվող զորությունը կարող է ոչ միայն սերունդների շարունակությունն ապահովել, այլև ունի բուժիչ հատկություններ։
Այսօր մենք կզրուցենք որոշ բույսերի սերմերի օգտակարության մասին։ Այն բույսերի, որ առավել հաճախ ենք օգտագործում սննդի մեջ։
Մաղադանոսը հայտնվում է մարգերի վրա վաղ գարնանը և մինչև աշուն ապահովում է մեզ օգտակար նյութերով։ Ժողովրդական բժշկությունն օգտագործում է բույսի արմատը, կանաչ մասը, սակայն առավել մեծ բուժիչ զորություն է կուտակվում սերմի մեջ։
Սերմը պարունակում է խեժեր, եթերային յուղեր:
Եփուկը և ջրային թուրմը լավացնում են ախորժակը, մարսողությունը, նվազեցնում ծակոցները որովայնում, ունեն դաշտանային պարբերությունը կարգավորող հատկություն։ Օգտակար են առիթմիայի, սրտի անբավարարության, այտուցման, միզապարկի և երիկամների բորբոքման դեպքում:
Թուրմ. 1 թ/գ տրորած սերմը 8-10 ժամ թրմեք կես լիտր սառը զտված ջրում։ Քամեք։ Խմեք 100-ական մլ` օր 3 անգամ։
Եփուկ. 1թ/գ սերմը 4 ժամ թրմեք 200 մլ տաք ջրով (65-75 C) ջերմապահի մեջ։ Քամեք։ Խմեք 50-ական մլ` օրը 4 անգամ։
Փոշիացրած սերմ. Խմեք կեսական գրամ, օրը 3 անգամ` սնվելուց կես ժամ առաջ։
Մազաթափություն – Փոշիացրած սերմին խառնեք գոլ զտված ջուր այնպես, որ ստացվի համասեռ շիլայանման զանգված, ներմերսեք գլխամաշկին։ Կես ժամից լվացեք ոչ շատ տաք ջրով։
Դդմի սերմը հարուստ է բջջանյութով, սպիտակուցով, E վիտամինով, պարունակում է ցինկ, պղինձ, երկաթ, մագնիում, կալցիում, ֆոսֆոր, կալիում, չհագեցած ճարպայուղեր։ Սննդային արժեքը բարձր է` 550 կկալ։ Մաքրված, հատկապես առանց պաշտպանիչ թաղանթի, սերմը պարունակում է օքսիդացած ճարպեր, որոնք կարող են զգալի վնաս պատճառել առողջությանը։
Պատրաստում են «Տիկվեոլ» դեղամիջոցը, որը սերմի յուղամզվածքն է։ Այն լայնորեն կիրառվում է լեղաքարային հիվանդության, ստամոքսաբորբի և խոցի, թութքի, շագանակագեղձի, այրվածքի բուժման համար։
Լյարդի հիվանդություններ- Խառնեք 1-ական թ/գ դդումի և կես թ/գ դաղձի յուղերը։ Խմեք օրը 3 անգամ` սնվելուց առաջ կամ 1 ժամ հետո։
Երիկամների, միզապարկի հիվանդություններ. Չորացրած սերմը մանրացրեք, տրորեք կավե ամանի մեջ, ընթացքում ավելացրեք տաք ջուր (1։6)։ Թրմեք կես ժամ, քամեք, թանզիֆով մզեք հումքը։ Կստացվի «կաթնանման» հեղուկ, խմեք 400 մլ` օրվա ընթացքում։ Հատկապես օգտակար է, եթե մեզում կա արյուն կամ կան միզարձակության հետ կապված խնդիրներ։
Հելմինտոզ. Աղացեք կես կգ չմաքրված սերմը, ավելացրեք 1 լ զտված ջուր, 2 ժամ տաքացրեք ջրային բաղնիքի վրա, առանց եռացնելու։ Եփուկը քամեք տաք վիճակում, թրմեք մինչև հովանալը, մակերեսի վրայից հեռացրեք յուղի թաղանթը։ Այս լուծույթը պետք է խմեք (1-ական ճ/գ) մեկ-երկու րոպե ընդմիջումներով, որից երկու ժամ անց ընդունեք ոչ յուղային հիմքով լուծողական միջոց։ Այդ օրը չի կարելի ուտել ճարպ պարունակող ուտեստներ։
Մինչև 10 տարեկան երեխաների համար սերմի չափաբաժինը 300 գ է (ջուրը` 600 մլ), մինչև 7 տարեկան` 200 գ, մինչև 5` 150 գ, մինչև 4` 50-100 գ, 2 տարեկանին` 20 գ և 40 մլ ջուր:
Սամիթի սերմն ունի ախորժակը և մարսողությունը լավացնող, լեղամուղ, միզամուղ, հանգստացնող, թույլ լուծողական հատկություն:
Կերակրող մայրերին (լակտացիան բարձրացնելու նպատակով) խորհուրդ է տրվում օրը 5-7 անգամ խմել 1-ական ճ/գ սերմի եփուկ։ Այս չափաբաժինը պետք է խմել փոքր կումերով։
Եփուկ. 1 թ/գ սերմին ավելացրեք 200 մլ զտված ջուր, 15-20 րոպե տաքացրեք ջրային բաղնիքի վրա։ Քամեք։
Հնագույն ժամանակներից սերմի եփուկը կիրառել են սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների, գլխացավի, որովայնի ցավերի բուժման համար. 1 ճ/գ հումքին ավելացրեք 1 լ եռջուր, եփեք 5 րոպե, թրմեք 1 ժամ։ Խմեք 50-ական մլ չափաբաժիններով` 1-2 օրվա ընթացքում։ Շարունակեք 1 շաբաթ։
Երիկամների բորբոքում. Խառնեք կես թ/գ սամիթի սերմը և 1,5 թ/գ տերևը, ավելացրեք 200 մլ եռջուր, 15 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա։ Թրմեք մինչև գոլանալը, քամեք։ Խմեք 60-ական մլ, օրը 3 անգամ` սնվելուց առաջ։ Հեռացնում է երիկամներից մեզի անցանկալի կուտակումները։
Համեմի սերմ. Նևրոզ, մետեորիզմ, խոլեցիստիտ, թութք. Օրը 1-2 անգամ ընդունեք համեմի փոշիացրած 10-ական սերմ։ Ունի թույլ լուծողական հատկություն։
Խոլեցիստիտ, կոլիտ, արյունահոսություն – 20 գ մանրացրած սերմը 2 շաբաթ թրմեք 100 մլ 70 տոկոսանոց սպիրտի մեջ մութ տեղում։ Քամեք։ Խմեք 10-15-ական կաթիլ` օրը 2-3 անգամ։
Ձմերուկի և սեխի սերմի բուժիչ «կաթը» պատրաստում են հետևյալ ձևով.
Մաքրեք թարմ կամ չորացրած սերմը, մանրացրեք, թրջեք փոքր քանակությամբ զտված ջրի մեջ, տրորեք հավանգով` մինչև ստացվի համասեռ զանգված։ Հումքին ավելացրեք սառը (նախօրոք եփած) ջուր` 1։10 հարաբերությամբ, թրմեք մինչև 1 ժամ։ Խմեք 100-ական մլ, օրը 3 անգամ` սնվելուց 30 րոպե առաջ։
Միջոցը կարգավորում է մարսողությունը, մաքրում աղիները, ունի խորխաբեր հազի նոպաները կանխարգելող հատկություն, օգտակար է միզաքարային հիվանդության բուժման ընթացքում։
Ջերմիջեցնող. Մաքրեք, մանրացրեք և տրորեք ձմերուկի սերմը, ավելացրեք սառը ջուր (1։24)։ Խմեք 3-ական ճ/գ, յուրաքանչյուր 2 ժամը մեկ, խմելուց առաջ լավ թափահարեք տարան։
Դժվար միզարձակություն, շագանակագեղձի քրոնիկ բորբոքում, քարեր միզապարկում. 1 ճ/գ մաքրած, մանրացրած սեխի սերմը 25-30 րոպե եփեք թույլ կրակի վրա` 200 մլ կաթի մեջ, հաճախակի խառնեք։ Թրմեք մինչև հովանալը, քամեք, մզեք հումքը և զտեք կաթնային թուրմը։ Խմեք 50-ական մլ` օրը 3-4 անգամ, սնվելուց առաջ։
Շաքարային դիաբետ. Մաքրեք չորացրած սեխի սերմը, փոշիացրեք, 1 ճ/գ հումքը 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում։ Խմեք 200-ական մլ, օրը 3 անգամ, սնվելուց առաջ։ Իջեցնում է շաքարի պարունակությունն արյան մեջ։
Օգտակար խառնուրդ տղամարդկանց համար. Աղացեք սեխի սերմը, խառնեք մեղրի հետ (1։5)։ Կերեք 1-ական ճ/գ` սնվելուց 10 րոպե առաջ` 50 մլ գոլ ջրի հետ։
Չաման, քեմոն, քիմոն, զիրե
Գիտական անվանումն է` carus carve։ Սերմերը գտնվել են Ք.Ա. 3-րդ հազարամյակում կառուցված ցցաշեն բնակատեղիներում։ Չամանի սերմը հնագույն համեմունքն է, որն օգտագործել են Եվրոպայում։ Նույն ժամանակներից կիրառվել է մարսողության լավացման համար։
Միջնադարում ճաշից հետո ընդունված է եղել ճաշակել չամանով պատրաստված քաղցրավենիք։ Ինչպես ասում է Վ. Շեքսպիրի հերոս Ֆալստաֆը («Վինձորի զվարճասեր կանայք»)` չամանի սերմը ցանել են եփված խնձորի վրա։ Սերմը պետք է մանրացնել օգտագործելուց անմիջապես առաջ։ Բնական պայմաններում հանդիպում է գրեթե ողջ Եվրասիայում, մեր ժամանակներում մշակվում է նաև Հյուսիսային Ամերիկայում։
Երկամյա բույս է, ցանում են գարնանը` 2 սմ խորության վրա, 40 սմ հեռավորությամբ։ Բերքը հավաքում են երկրորդ տարում, երբ հասունացել է պտուղների 30-35 տոկոսը։ Հնձած բույսը խրձում են և թողնում դաշտում` մինչև որ պտուղները վերջնականապես հասունանան և չորանան բնական պայմաններում։
Պատկանում է հովանոցավորների ընտանիքին, հասնում է 50-100 սմ բարձրության։ Ցողունն ուղղաձիգ է, ճյուղավոր։
Տերևները հերթադիր են, եռակի փետրաձև կտրտված տերևիկներով։ Ծաղիկները սպիտակ են կամ թույլ վարդագույն, հավաքված հովանոցատիպ ծաղկաբույլերով։ Պտուղները գորշ գույնի են, երկսերմ` բեկված հատվածով։ Պտղակոթունը գրեթե երկու անգամ երկար է պտղից։ Սերմերը հասունանում են հուլիս-օգոստոս ամիսներին, ունեն կծու, դուրեկան համ ու հոտ։
Տարածված է Լոռիում, Նիգ-Ապարանում, Վայքում, Սյունիքում, Սևանի ավազանում, ոչ խոնավ ավազային և կավավազային հողերում, անտառի բացատում, մարգագետիններում, ճանապարհների և ցանքատարածքների եզրերին։
Կան տվյալներ, որ բույսը լայնորեն մշակվել է Փոքր Ասիայում Ք.Ա. 8-րդ դարում` հետաքրքիր է, որ այն երբեմն անվանում են Հայոց չաման կամ հայչաման։
Բուժիչ հատկություններ ունի բույսի սերմը, պահպանման ժամկետը 3 տարի է։
Պարունակում է մոտ 20 տոկոս ճարպային յուղ, 23 տոկոս սպիտակուց, 8 տոկոս եթերային յուղ, պիգմենտներ, ֆլավոններ, դաբաղանյութեր, հանքային աղեր, խեժանյութ։
Լավացնում է ախորժակը, մարսողությունը, կանխարգելում և հանում հարթ մկանների սպազմները, ունի խորխաբեր հատկություն, մաքրում է լորձը, կարգավորում միզարտադրությունը։
Հին Հռոմում ընդգրկվել է երիտասարդացնող էլիքսիրի բաղադրության մեջ։
Օգտագործում են գազերի կուտակման, դիսպեպսիայի, էնտերիտի, խոլեցիստիտի, մետեորիզմի և կոլիտի դեպքում։ Ժողովրդական բժիշկները խորհուրդ են տալիս` որպես լակտացիան լավացնող, բրոնխները լայնացնող խորխաբեր միջոց։ Կիրառում են սուր բրոնխիտի (նաև քրոնիկ), պնևմոնիայի, թոքախտի բուժման համար։
Ըստ Ա. Ամասիացու. «Օժտված է տարրալուծող հատկությամբ։ Եթե խառնեն քացախի հետ, կդադարեցնի քթի արյունահոսությունը։ Եթե աղի հետ ծամեն, նույն ազդեցությունը կունենա։
Օգնում է սառը բնույթի աչքացավի դեպքում։ Եթե քսեն կրծքագեղձին, կկանխի նրա մեծացումը։ Մարմնից հեռացնում է գազերը։ Բայց հյուծում է մարմինը և առաջացնում դեմքի դեղնություն։ Եթե ծամեն չամիչի հետ, կօգնի գոտկատեղի ցավի դեպքում։ Ընդունման չափաբաժինը 6 գրամ է։ Չամանին փոխարինել կարող է դաղձը»։
Արտադրվում է չամանի սերմի յուղ։
- Կաթեցրեք 1-3 կաթիլ յուղ շաքարի վրա, ընդունեք օրը 3-4 անգամ։ Տալիս են երեխաներին` փորացավը հանգստացնելու համար։
- Կրծկեր երեխաներին տվեք չամանի ջուր, որը նույնպես վաճառվում է դեղատներում։
Ախորժակը լավացնող. Աղացեք սերմը, կես ժամ թրմեք 200 մլ եռջրում։ Խմեք 60-100 մլ, օրը 3 անգամ, սնվելուց կես ժամ հետո, գոլ վիճակում, փոքր կումերով։ Օգտակար է փքվածության և որովայնում սպազմերի դեպքում։
Հազ. 1 ճ/գ սերմին ավելացրեք 400 մլ տաք (նախօրոք եփած) ջուր, 10 րոպե եփեք թույլ կրակի վրա` առանց եռացնելու։ Քամեք տաք վիճակում։ Խմեք 100-ական մլ, օրը 3-4 անգամ` սնվելուց մեկ ժամ առաջ։
Քոս. Սերմը մանրացրեք, տրորեք հավանգով, ավելացրեք ձիթապտղի յուղ 1։20 հարաբերությամբ։ Երկու շաբաթ թրմեք տաք տեղում։ Օգտակար է նաև, եթե քնելուց առաջ կատարեք շփումներ մրսածության դեպքում։
Միզամուղ. Մանրացրեք երկու խնձորի կեղևը, տրորեք 2 թ/գ չամանի սերմը, խառնեք։ 2 ժամ թրմեք 200 մլ եռջրում։ Քամեք։ Մեկ օրվա չափաբաժինն է։ Խմեք փոքր կումերով։
Դեռեւս հնագույն ժամանակներից սննդի մեջ օգտագործվող ձիթենու պտուղներն այսօր ավելի մեծ տարածում ունեն, ապահովել են իրենց տեղը յուրաքանչյուր սեղանին եւ նույնիսկ կարելի է ասել՝ հանդիսանում են մարդու առողջության «պահապան»: Ձիթենին մշտապես կանաչ ծառ է: «Նշեմ, որ Երկրի բոլոր շնորհներից ձիթապտղի յուղն է քո անվերջանալի հանգստությունը` քո կանաչ սիրտը»,- գրում է Պաբլո Ներուդան իր «Ձիթապտղի մասին օդայում»: Միջերկրածովյան գրեթե բոլոր երկրներում էլ աճեցնում են ձիթենու ծառ: Օրգանիզմի վրա ոչ մի նեգատիվ ազդեցություն չունեցող ձիթապտղի յուղն իր մեջ պարունակում է սպիտակուցներ, պեկտիններ, A, D, K, C, B, E վիտամիններ, կարոտին, ինչպես նաեւ` բիոֆլավոնոիդներ, եւ առհասարակ այն համարվում է սնուցման աղբյուր:
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ ձիթապտղի յուղի բաղադրիչներից մեկը մարդու օրգանիզմի վրա ունեցած հակաբորբոքային ազդեցություններով շատ նման է իբուպրոֆենին: Այդ բաղադրիչը ստացել է օլեոկանտալ անվանումը եւ կարող է պահպանել օրգանիզմը շատ հիվանդություններից, նույնիսկ այնպիսիներից, ինչպիսիք են` սիրտ-անոթային, ուռուցքային եւ Ալցհեյմերի հիվանդությունները: Եվրոպական 5 երկրներից 182 մարդու շրջանում անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ օրվա մեջ շատ քիչ քանակությամբ զեյթունի ձեթ ընդունելը իջեցնում է օրգանիզմում բջջային մուտացիաներն ու վնասվածքները, որ ընդունակ են հանգեցնելու ուռուցքային հիվանդությունների:
Թե ձիթենու պտուղները, թե ձեթը շատ օգտակար են աղեստամոքսային տրակտի աշխատանքին: Կարեւոր չէ՝ գերադասում եք օգտագործել կանա՞չ, թե՞ սեւ ձիթապտուղ, միեւնույն է, երկուսն էլ պարունակում են մեծ քանակությամբ երկաթ ու վերը նշված օգտակար նյութերն ու վիտամինները: Աղցանի մեջ խորհուրդ է տրվում այն օգտագործել կամ երկու մասի բաժանած, կամ ամբողջական:
Շատ օգտակար է սննդի մեջ օգտագործել ձիթապտղի ձեթի պարունակությամբ հաց կամ սովորություն դարձնել՝ այն, ինչ տապակում եք, պատրաստել զեյթունի ձեթով: Ինչպես են մեր ընթերցողները պայքարում հազի դեմ
– 2 ճաշի գդալ եռագույն մանուշակը երեկոյան լցնել թերմոսի մեջ 2 բաժակ եռջրով: Առավոտյան քամել այն եւ խմել կես բաժակից, ուտելուց 30 րոպե առաջ:
– Եզան լեզվի թարմ տերեւներից քամած հյութին ավելացնել մեղր (1/2 բաժակ հյութին` 1 թեյի գդալ մեղր): Խմել օրվա ընթացքում: Պետք է ասել, որ այս բուժամիջոցը օգտակար է նաեւ ստամոքսի խոցի դեպքում:
– Կոճապղպեղի (իմբիրի) արմատն ունի բուժիչ հատկություն: Կաթի մեջ լցնել 1 թեյի գդալ կոճապղպեղի փոշի, ապա եռացնել, ավելացնել մեղր ու խմել: – Իրար խառնել 10 բաժին խնկեղեգի արմատներ, 8 բաժին տուղտի արմատ, 4 բաժին տատրակի տերեւ, 3 բաժին մատուտակի արմատ եւ անիսի պտուղներ Այս խառնուրդից 1 ճաշի գդալին ավելացնել 2 բաժակ եռջուր եւ թրմել 20 րոպե, այնուհետեւ քամել թանզիֆով եւ ընդունել յուրաքանչյուր 3 ժամը մեկ:
– Ինչպես գիտենք, ուժեղ ազդեցությամբ է օժտված սխտորը: Եվ այն նույնիսկ օգնում է պնեւմանիայի ժամանակ, եթե 100 գ սխտորի խյուսին խառնենք 500 գ բադի ճարպ ու այն տաքացնենք եռացող ջրի գոլորշու վրա: Ստացվածը խիտ քսել պերգամենտի թղթի վրա ու դնել կրծքին` կապելով այն բրդե շորով: Այս բուժումը պետք է անել, 2 շաբաթ հետո հանգիստ տալ 1 շաբաթ, ապա կրկնել մինչեւ լավանալը:
Թվարկված միջոցներն ունեն նաեւ օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնելու հատկություն, ինչն այսօր անհրաժեշտ է գրիպից պաշտպանվելու համար:
Լյարդի աշխատանքը կարգավորելու համար քնելուց առաջ խմել անանուխի, չեբրեցի, երիցուկի թուրմ, չիչխանի յուղ կամ հյութ։Լյարդի և լեղապարկի հիվանդությունների դեպքում օգտակար է ծիծեռնախոտը։ Կես լիտրանոց բանկայի մեջ դնել մեկ ցողուն արմատով, լցնել եռման ջուր, պահել կես ժամ և խմել 1 թ/գ 3 օր, ընդմիջել 1 օր, այսպես կրկնել 3 անգամ։ Հետո ընդմիջել 15 օր և նորից կրկնել։
Հետևյալ բույսերը լեղամուղ են՝ սամիթ, բողկ, մաղադանոս, սոխ, խնձոր, լիմոն, խատուտիկ։ Դրանցից պատրաստված սալաթը շատ լավ է լյարդի աշխատանքի համար։ Խատուտիկը օգտագործելուց առաջ պետք է կես ժամ պահել աղաջրում։ Լյարդ, լեղապարկի ցավերը հանգստացնելու համար ձեռքով սեղմել և բաց թողնել լյարդի հատվածը։ Կրկնել մինչև անցնելը։ Լյարդի խոլեստերինի դեպքում խատուտիկի արմատները մանր կտրտել, 1 ճ/գ ավելացնել 1 լ ջրին և խմել օրվա ընթացքում։ Միզամուղ միջոց է. 8-ական գրամ յուրաքանչյուր դեղաբույսից՝ եզան լեզվի արմատ, ցիկորի, կռատուկ, եռացնել, բաժանել հավասար մասերի և խմել ամեն ուտելուց առաջ։ Լյարդը մաքրելու համար 1 ամիս սնվել թեթև, որից հետո երեկոյան մի կողմում դնել 1 բաժակ լիմոնի հյութ, մյուսում՝ ձիթապտղի ձեթ, խմել մեկից հետո մյուսից մեկ ժամվա ընթացքում։ Լյարդի հատվածում տաք ջեռակ դնել և քնել։ Լյարդի մաքրման համար եղինջի և խատուտիկի արմատները նախապես թրջել թունդ աղաջրում, վերցնել յուրաքանչյուրից կես գդալ, լցնել 1 բաժակ ջրի մեջ, խմել 14 օր օրվա ընթացքում։ Լյարդի մաքրման համար 1 ճ/գ ուռենու կեղևները լցնել 1 բաժակ ջրի մեջ, թույլ կրակի վրա կես ժամ եռացնել և խմել։ |
Երիկամների քարերը հեռացնելու համար 2-3 մասրենու արմատ 3 լ ջրում դանդաղ կրակի վրա եռացնել 5-6 ժամ և խմել օրվա մեջ։Ծովաբողկը քերել, 4 ճ/գդ լցնել բաժակի մեջ, վրան կաթ ավելացնել, տաքացնել մինչև եռալը, պահել 5 րոպե և խմել։
Երիկամները մաքրելու համար վերցնել 3 հատ ելակ, հարել բլենդերով, ավելացնել ոչ յուղոտ թթվասեր, 1 ձվի դեղնուց, խառնել, դնել ելակ վրա, 2-3 րոպեով դնել ջեռոց և ուտել։ Արևածաղկի 1 բաժակ արմատներին ավելացնել 3 լ ջուր, 5 րոպե եռացնել, խմել օրական 1 լիտր։ 3–րդ օրը եռացնել նույն արմատները 10 րոպե, քամել, խմել նորից օրական 1 լ։ 3 օր հետո եռացնել 15-20 րոպե և խմել ևս 3 օր։ Կրկնել 20 օր։ Երիկամների քարերը մաքրելու համար 3 ճ/գ մասուրի արմատները եռացնել 6 լ ջրում և խմել օրական 1 լիտր։ Երիկամները մաքրելու համար կարտոֆիլի կլեպները հավաքել, լցնել ամանի մեջ, եռացնել և խմել ջրից օրը 50 գր։ 1 լիտր քարաուզի հյութին ավելացնել 2 լիմոնի հյութ, խառնել, ավելացնել մեղր և ուտել 1թ/գդ առավոտները, սոված փորին։ Երիկամներում քարեր ունենալու դեպքում օգտակար է առավոտյան խմել վարունգի, գազարի կամ բազուկի հյութ։ 10 գր վարունգի չորացրած սերմերը թրմել 100 գր ջրում, խմել հաջորդ օրը քիչ-քիչ։ Մասուրի աղացած սերմերը՝ 1 ճ/գ լցնել 1 բաժակ եռացրած ջրի մեջ, եռացնել, թողնել սառի, քամել և խմել օրական 1/4 բաժակ՝ երիկամները մաքրելու համար։ Բազուկը շատ երկար եփել, խմել ստացված օշարակը բավականին երկար ժամանակ քարերը մաշեցնելու համար։ Երիկամները «չեն սիրում» սպիտակուցներ՝ ասենք միս, աղի ձուկ։ Երիկամներին վնասում է նաև վախը։ Երիկամների աշխատանքը կարգավորելու համար հավասար քանակով թթվասեր և գարեջուր խառնել և խմել։ 1 լ քարաուզի հյութ, 2 լիմոնի հյութ, խառնել, քամվածքի վրա ավելացնել մեղր և ուտել առավոտները 1 թ/գդ սոված փորին։ 1 ճ/գդ ձեթ լցնել բերանը և պահել 15 վրկ հետո թքել։ Այդպիսով մաքրվում է արյունը։ |
Ջրաթուրմերը և եփուկները պատրաստվում են երկու եղանակով` տաք և սառը: Տաքացման եղանակով պատրաստելու դեպքում հումքը պետք է տեղավորել հախճապակյա կամ էմալապատ կաթսայի մեջ, ավելացնել սենյակային ջերմաստիճան ունեցող ջուր, փակել կափարիչով և պահել ջրային բանիքում:
Եփուկները պետք է եփել 30 րոպե, իսկ ջրաթուրմերը` 15 րոպե: Հետո սառեցնել սենյակային ջերմության պայմաններում, ջրաթուրմերը` 45 րոպե, եփուկները` 15 րոպե, քամել թեյքամիչի միջոցով: Այնուհետև թափել հումքի մնացորդները և եփուկի ծավալը հասցնել նախնականին` ավելացնելով համապատասփան քանակությամբ եռացրած ջուր, դեղորայքը պատրաստ է օգտագործելու համար: Խմում ենք տաք վիճակում: Գործնականում տաք եղանակով պատրաստված թուրմերը հարամր է պահել թերմոսներում. բուսական հումքը նշված չափով (սովորաբար 2 ճաշի գդալ) լցնել թերմոսի մեջ և ավելացնել երկու բաժակ եռացրած ջուր (օրական դեղաչափ): Դա արվում է երեկոյան, քնլու առաջ: Աառավոտյան պետք է քամել թուրմը և ետ լցնել թերմոսի մեջ: Մեկ օրից ավել ջրաթուրմը թերմոսում չի կարելի պահել:
Սառը եղանակով պատրաստվող ջրաթուրմի վրա լցնել պահանջվող չափի նախօրոք եռացրած, ապա սառեցրած ջուր, պահել 4-12 ժամ, քամել ր օգտագործել: Եփուկներն ու ջրաթւրմերը նախընտրելի է պատրաստել մեկ օրվա համար, ծայրահեղ դեպքում երկու օրվա համար:
Եգիպտացորեն սովորական
Դաշտավլուկների ընտանիքից է: Միամյա խոշոր բույս է: Բարձրությունը հանսում է մինչև 3 մետրի, ծաղկում հունիս-օգոստոս ամիսներին: Սերմերը հասնանում են հոկտեմբեր ամսին: Բույսը ցանով ի է:
Բուժական նպատակով հիմնականում օգտագործվում են եգիպտացորենի մազմզուկները: Այն հավաքվում է հասունացման շրջանում, չորացվում է ստվերոտ տեղում:
Բուժական ազդեցությունը
Ունի միզամուղ, ախորժակն իջեցնող, լեղամուղ, հակաբորբոքային, արյան մակարդունակությունը բարձրացնող, արյունահոսությունը դադարեցնող, ընդհանուր հանգստացնող ազդեցություն:
Կիրառվում է լյարդի, լեղապարկի, լեղածորանների, միզապարկի բորբոքային հիվանդությունների, սրտային այտուցների, երիկամաքարային հիվանդության, արյունահոսությունների, ճարպակալումների բուժումների ժամանակ:
Կիրառման եղանակները
Եփուկ. 10գ չորացրած և մնարացրած մազմազուկները 1,5 բաժակ եռացրած ջրում եռացնել 30 րոպե տեևողությամբ, մարմանդ կրակի վրա, էմալապատ ամանի մեջ:
Ջրաթուրմ. 10գ մազմզուկը մեկ բաժակ եռացրած ջրում թրմել: Սառելուց հետո եփուկը կամ ջրաթուրմը պետք է քամել և խմել 1-3 ճաշի գդալ, 3-4 ժամը մեկ:
Եղեսպակ
Շրթնածաղկավորների ընտանիքից : 50-70սմ բարձրությամբ բազմամյա կիսաթուփ է, ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտուղները հասունանում են օգոստոս-սեպտեմբեր ամիսներին: Մշակովի դեղաբույս է:
Բուժական նշանակություն ունեն տերևները, որոնք հավաքում են ձեռքով, ամառվա ընթացքում, ծաղկման շրջանում 2-3 անգամ: Չորացնում են շոգ եղանակին, բացօթյա կամ ստվերոտ, լավ քամհարվող, տաք վերնատներում: Չորացրած հումքը կարելի է պահել ապակյա տարաների մեջ մինչև 2 տարի:
Քիմիական կազմը
Պարունակում է ֆլավոնոիդներ, ալկալոդիներ, դաբաղ և խեժային նյութեր, ինչպես նաև օրգանական թթուներ, վիտամին C, P և PP, ֆիտոնցիտներ, դառը նյութեր, եթերայուղեր:
Բուժական ազդեցությունը
Ունի հակաբորբոքային, մանրէասպան, անոթների և մազանոթների պատի թափանցելիությունը նվազեցնող, արյունահոսությունը դադարեցնող, կծկանքները, քրտնարտադրությունը վերացոնղ, ստամոքսի հյութազատությունը բարձրացնող, կերակրող մայրերի կաթը նվազեցնող հատկություն:
Կիրառվում է վերին շնչուղիների, քթի-ըմպանի բորբոքային հիվնադությունների ժամանակ: Եղեսպակն օգտագործվում է նաև մաշկային ծածկույթների բորբոքային հիվնդությունների (թարախային ցաներ, վերքեր), այրվածքների և ցրտահարությունների դեպքում: Դեղաբույսը լավ է օգնում ցածր հյութազատությամբ ուղեկցվող գաստրիտների, ստամոքսի և աղիների կծկումային վիճակների, միզապարկի բորբոքումների դեպքում: Իբրև քրտնարտադրությունը նվազեցնող, կիրառվում է նաև կլիմաքսի, պալարախտի և տենդային վիճակով ընթացող որոշ հիվանդությունների դեպքում:
Կիրառման եղանակները
Ջրաթուրմ. 10գ հումքը տեղավորել էմալապատ ամանի մեջ, ավելացնել 200մլ տաք եռացրած ջուր, տաքացնել եռացող ջրում (ջրային բաղնիքում) 15 րոպե տևողությամբ: Թողնել զովանա սենյակային ջերմության պայմաններում 45 րոպե և քամել: Մնացորդային հումքը քամել և թափել: Ստացված ջրաթուրմի ծավալը պետք է հասցնել 200մլ-ի` ավելացնելով համապատասխան քանակի եռման ջուր: Թարմ ջրաթուրմը կարելի է օգտագործել թրջոցների, լոգանքների, ողողումների ժամանակ: Երբեմն հարկ է լինում օգտագործել երկու անգամ ավելի մեծ խտություն ունեցող ջրաթուրմ: Դա այդ դեպքում, երբ հարկ է լինում կիրառել արտաքին օգտագործման նպատակով:
Ջրաթուրմ խմելու համար: Օգտագործում են զ բաժակ, 3-4 անգամ, բրոնխիտների, լյարդի, լեղապարկի և միզապարկի բորբոքումների դեպքում:
Սովորաբար եղեսպակը ներքին ընդունման նպատակով հարմար է կիրառել համապատասխան դեղաբույսերի համադրմամբ ևս:
Բնությունը շատ բանական դեղամիջոցներ ունի, որոնցից մեկն էլ թարմ բնական հյութերն են: Մրգային, բանջարեղենային թարմ հյութերը շատ մեծ առավելություն ունեն պահածոյացվածների համեմատ, որովհետեւ պահածոյացման ժամանակ ոչնչանում, ակտիվությունը կորցնում են ֆերմենտները, վիտամինները և այլ ակտիվ միացություններ:
Թարմ հյութերի բուժական հատկություններն էլ ավելի են ուժեղանում, եթե դրանք փորձեք համակցել առողջ սննդի եւ ապրելակերպի հետ:
Մրգային հյութերն ունեն հիմնականում մաքրող հատկություն, իսկ բանջարեղենայինը` կառուցողական: Թարմ հյութերը շատ արագ են մարսվում (10-15 րոպեում` դրանով նպաստելով արագ ազդեցությանը:
Օրվա ընթացքում կարելի է խմել մինչեւ 2լ հյութ, բուժական ազդեցությունը սկսվում է 1 բաժակից: Հյութերը պետք է խմել միմիայն այն դեպքում, երբ ստամոքսը դատարկ է:
Հյութերի խառնուդներն ավելի արժեքավոր են, բաղադրությամբ ավելի հարուստ: Օրինակ` լեղամուղ ազդեցություն ունի կաղամբի, գազարի, լոլիկի, ծիրանի, դեղձի հյութերի խառնուրդը: Միզամուղ ազդեցություն ունի ձմերուկի, խաղողի, գազարի, ծիրանի, տանձի հյութերի խառնուրդը:
Բարձր բուժական հատկություններով օժտված հյութեր ստանալու համար օգտագործեք միայն թարմ, առողջ միրգն ու բանջարեղենը:
Ձմերուկ
Բաղադրությունը. պարունակում է 3-10 տոկոս շաքարներ, 1-1,5 տոկոս ազոտային նյութեր, 0,1-0,2 տոկոս ճարպեր, 2-2,4 տոկոս բջջաթաղանթ: Պարունակում է նաև 70-40 մգ վիտամին C, B խմբի վիտամիններ, 1-,2 մգ վիտամին A, 14 մգ կալցիում, 64 մգ կալիում, 225 մգ մագնեզիում, 7 մգ ֆոսֆատ,
1 մգ երկաթ, կարոտին, ֆոլիա, ֆոլիաթթու, կալիումական աղեր և այլն:
Ձմերուկի հյութը շատ բարերար է ազդում երիկամների, սիրտանոթային հիվանդությունների, հիպերտոնիայի, աղիների անգործության դեպքում: Օրագնիզմից դուրս է հանում թունավոր նյութերը, իջեցնում փքվածությունը:
Ձմերուկի հասունացած կորիզների հյութը օգտակար է տենդով, բորբոքային ուռուցքներով, ցավոտ միզածորությամբ տառապողների համար:
Ձմերուկի հյութն օգտակար է նաև դեղնախտի դեպքում:
Ձմերուկի կանաչ կեղևի հյութն օգտակար է կոլիտի բուժման ժամանակ:
Սակավարյունության դեպքում օրական կարելի է խմել մինչև 2,5լ ձմերուկի հյութ:
Հակացուցումներ
Շաքարախտով ու ճարպակալումով տառապողները պետք է զգույշ օգտագործեն ձմերուկը` ելնելով անհատականությունից, ինքնազգացողությունից:
Կաղամբ
Բաղադրությունը. ջուր 92-93 տոկոս շաքարներ, ազոտային նյութեր` 0,1-0,15 տոկոս, շաքարներ` 1,8-2,1 տոկոս, էքստրակտային նյութեր` 2,4-2,6 տոկոս, բջջաթաղանթ` 0,04-0,06 տոկոս, վիտամին A` 0,03 մգ, B1` 0,16-0,26 մգ, C` 25-66 մգ, P, K, B6 B և U վիտամիններ, ֆերմենտներ, 118 մգ կալիում, 13 մգ Mg, 12 մգ P, 1 մգ երկաթ, պղինձ, ցինկ:
Կաղամբի հյութն օժտված է ճարպերը ճեղքելու և մարսողությունը բարելավելու հատկությամբ, այն բարելավում է աղիների աշխատանքը: Թթու դրած կաղամբի հյութն բարելավում է նյութափոխանակությունը, բարձրացնում է ստամոքսահյութի թթվայնությունը, ողողումների ձևով օգնում է կոկորդի բորբոքման դեպքում:
Թարմ հյութով թրջված շորը ցավոտ տեղին դնելիս ցավերը հանգստացնում են:
Եթե կաղամբի թարմ հյութ ընդունելուց հետո աղիներում ցավեր են առաջանում, ուրմեն աղիները բուժման կարիք ունեն. պետք է ամեն առավոտ սոված վիճակում խմել 0.5-1 թեյի բաժակ հյութ:
Կաղամբի հյութը բուժական ազդեցություն ունի ճարպակալման, աղիների պնդության, ստամոքսահյութի ցածր թթվայնության, հեպատիտի, լեղաքարային հիվանդության, սակավարյունության, երիկամների քարերի, պնևմոնիայի, բրոնխիալ ասթմայի, թոքերի տուբերկուլյոզի, սրտի ռիթմի խանգարումների, սնկերով թունավորումների, աթերոսկլերոզի դեպքում: Կաղամբի հյութը մեղրի հետ (1:1 հարաբերությամբ) բարձրացնում է ստամքսի թթվայնությունը, խորհուրդ է տրվում սկսել կես բաժակից, օրը 3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ, գոլ վիճակում, 3-4 շաբաթ տևողությամբ: Կաղամբի մաքուր հյութը իջեցնում է ստամքսի թթվայնությունը: Որպեսզի եթերային յուղերը տհաճ չդարձնեն կաղամբի թարմ հյութի ընդունումը, այն կարելի է նոսրացնել ուրիշ հյութերով, ջրով:
Հակացուցումներ
Ենթաստամոքսային գեղձի հիվանդության, շաքարախտի դեպքում կաղամբի հյութը պետք է զգուշորեն օգտագործել:
Արտաքին տերևները մի օգտագործեք, որովհետև նիտրատները մեծ մասամբ այդտեղ են հավաքվում:
Դդում
Բաղադրությունը. ջուր 94-94 տոկոս, ազոտային նյութեր` 0,3-0,4 տոկոս, ճարպեր` 0,06 տոկոս, էքստրակտային նյութեր` 4 տոկոս, բջջաթաղանթ` 0,6 տոկոս, մոխրացող մնացորդ` 0,3-04 տոկոս, վիտամիններ:
Դդումը լեղամուղ է, քունը կարգավորող:
Դդումն օգտակար է կիրառել գլխի ուռուցքների, մենինգիտի դեպքում, փայլեցնում է ատամները, օգնում հազի, կրծքային ցավերի դեպքում:
Եփած դդումի հյութն աչքի մեջ կաթեցնելիս մաքրվում է աչքերի` դեղնախտի հետևանքով առաջացած դեղնությունը:
Հյութը խմելու չափը կես բաժակն է (օրը 1-2 անգամ, ուտելուց 15 րոպե առաջ), հետո կարելի է հյութի քանակն ավելացնել մինչև 3 բաժակ օրական: Բուժման կուրսը 2 ամիս է, անհրաժեշտության դեպքում 20 օր անց կարելի է կրկնել: Դդումը մտնում է ենթաստամոքսային գեղձի ադենոմայի ու քաղցկեղի բուժման ժամանակ հանձնարարվող մթերքների ցանկի մեջ:
Հյութը նպաստում է երիկամների, միզապարկի, լյարդի քարերի արագ տարրալուծմանը: Քսիլիտի հետ խմելուց նորմալանում է քունը, հանգստացնում է կենտրոնական նյարդային համակարգը, կարգավորում նյութափոխանակությունը` նպաստելով քաշի կարգավորմանը:
Կարելի է շաբաթը մեկ անգամ սահմանել ՙդդմային օր՚` խմելով միայն դդմի թարմ հյութ` մինչև 15լ: Կես բաժակ դդմի հյութը մեղրով (կես բաժակ հյութին 1 ճաշի գդալ մեղր) հանգստացնում է նյարդային համակարգը, նորմալացնում քունը:
Եթե մարդը դժվար է տանում դդմի հյութը, կարելի է այն խառնել ուրիշ հյութերի հետ` 1:1 հարաբերությամբ:
Հակացուցումներ
Աղեստամոքսային հիցանդությունների սրման դեպքում:
Տնային կիտրոնն արժե աճեցնել ոչ միայն պտուղների համար: Բուժիչ հատկություն ունեն նաև դրա հոտավետ տերևները: Դրանք 85 տարբեր բուժիչ նյութեր են արձակում: Այն սենյակում, որտեղ գտնվում է կիտրոնը, օդը գրեթե ստերիլ է: Եթե սենյակում կիտրոն աճի, ապա շատ ախտածին մանրէներ, որոնք գոյատևում են այդ սենյակում, կկորցնեն բազմանալու ունակությունը: Կիտրոնը բոլորին հայտնի է որպես C վիտամինի պահեստ, սակայն նրա մեջ առկա են նաև այլ վիտամիններ (P, PP, B1), ինչպես նաև տարբեր միկրոտարրեր:
Կիտրոնով թեյը ուժեղ հյութամուղ միջոց է, ուստի ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների և բարձր թթվայնությամբ ստամոքսի դեպքում հարկ է հիմնականում ձեռնպահ մնալ կիտրոն օգտագործելուց: Այն լավ է ավելացնել ուտեստներին անաղ և քիչ աղի դիետաների ժամանակ:
Առողջ և որոշ հիվանդություններ ունեցող մարդկանց համար (բժշկի հետ խորհրդատվությունից հետո) կարելի է պատրաստել այսպես կոչված կիտրոնի կաթ: Դրա համար հարկ է մեկ կիտրոնի հյութ քամել, լցնել հարիչի մեջ, ավելացնեկ մեկ բաժակ սառը կաթ, 3-4 թեյի գդալ շաքարավազ, հարել և ստացված խառնուրդը սառեցնել: Այդ օգտակար զովացնող ըմպելիքը լավ է խմել ձողիկով:
Որպես կանոն, հողի վրա զարգանում են միկրոսկոպիկ սնկեր, որոնք սպիտակ նստվածք են առաջացնում հողի մակերեսին: Հենց այդ սնկերն են ամենահզոր ալերգենները և կարող են բրոնխիալ ասթմայի նոպա, ալերգիկ ռինիտ (հարբուխ), կոնյուկտիվիտ (աչքերի բորբոքում) և այլ ալերգիկ դրսևորումներ հրահրել: Այդ դեպքերում հարկ է հրաժարվել սենեկային բույսերից:
Մահճակալի մոտ կարելի է դնել սովորական խորդենու կոմպոզիցիա (տարբեր գույնի ծաղիկներով) և հոտավետ խորդենի: Այն բարենպաստ ազդեցություն կունենա քնի վրա: Իսկ մրտենու (միրտա), նիվենու (էվկալիպտ) և հազրեվարդի (ռոզմարին) կոմպոզիցիան բրոնխոլիտիկ, հակամանրէային և հակավիրուսային ազդեցություն կունենա:
Սենյակային բույսերը մաքրում են օդը
Բոլորն էլ գիտեն, թե ինչ կարևոր է օդի մաքրությունը տանը, և ինչքան տարածված երևույթ է օդի աղտոտումը բնակարանների ներսում:
ՆԱՍԱ-ի գիտնականները հետազոտություն են անցկացրել մարդու առողջության վրա սենյակային բույսերի ազդեցությունը պարզելու համար և հայտնաբերել են, որ սովորական սենյակային բույսերը կարող են լավացնել օդի որակը: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ տնային բույսերը կարող են 24 ժամվա ընթացքում հեռացնել օդի վնասակար թույների գրեթե 87%-ը: Ուրեմն ի՞նչ է պետք: Մոտ 160 քմ տարածք ունեցող տան համար աճեցրեք 15-18 սենյակային բույս` 15-20 սմ տրամագծով ծաղկամաններում:
Սենեկային բույսերը կօգնեն հեռացնելու տարբեր թունավոր արտազատումներ, ներառյալ` ամիակը, ֆորմալդեգիդը, շմոլ գազը, բենզոլը, քսիլոլը և տրիքլորէթիլենը: Ստորև ներկայացնում ենք այդ առումով ամենաօգտակար բույսերի ցանկը: Եվ հիշեք` ինչքան առողջ է բույսը, այնքան ավելի շատ օգուտ կտա այն ձեր առողջությանը:
Հինգ ամենաօգտակար տնային բույսերը
1. Պատատուկ (պլյուշչ)
2. Ֆիկուս
3. Ձարխոտ (պապորոտնիկ)
4. Քրիզանթեմ
5. Արմավենի (պալմա)
Հնդկացորենը համեղ է, սննդարար և շատ օգտակար: Սպիտակուցների քանակով այն գերազանցում է բոլոր հացահատիկային բույսերին՝ զիջելով միայն լոբազգիներին: Այդ իսկ պատճառով, այն կարող է փոխարինել մսին: Հնդկացորենը խթանում է արյունագոյացումը, ամրացնում է անոթները և սիրտը: Վիտամիններ B1, B2, B6,P, ինչպես նաև կալցիումի և երկաթի առկայությունը նպաստում են վարակամերժության (իմմունիտետ) ամրացմանը: Շատ օգտակար է կաթով պատրաստված հնդկացորենի շիլան:
Որպես աթերոսկլերոզի կանխարգելիչ և արյան անոթների ամրապնդման միջոց խորհուրդ է տրվում ամեն օր խմել 2 բաժակ հնդկացորենի անուշապուր (կիսել): Պատրաստելը շատ հեշտ է՝ անհրաժեշտ է մանրացնել հնդկացորենի հատիկները, 3 գդալ բացել 300 մլ սառը ջրով և մի քանի րոպե անընդհատ խառնելով եփել:
Հնդկացորենը վաղուց արդեն ընդգրկված է տարբեր սննդակարգերի մեջ: Այս շիլայից նիհարում են, պարզապես հարկավոր է իմանալ պատրաստման եղանակը: Թվում է, թե պատրաստման մեխանիզմը շատ պարզ է, եփում ենք 20 րոպե և շիլան պատրաստ է: Սակայն այդպիսի շիլայից շատ շուտ կարելի է ձանձրանալ: Իսկ եթե երեկոյան հնդկացորենի վրա ջուր լցնել և թողնել մինչև առավոտ, իսկ առավոտյան եփել և պահել որոշ ժամանակ տաք տեղում՝ կստացվի բոլորովին այլ շիլա:
Հնդկացորենի ծննդավայրը Հիմալայներն են: Այստեղից այն տարածվել է ամբողջ աշխարհով մեկ և հիմա մեզ մոտ դարձել է սովորական կերակուր: Աշխարհում հնդկացորենը դասվում է էլիտար մթերքների շարքին, որոնք սովորաբար ավելի թանկ արժեն:
Հետաքրքիր փաստեր, օրինակ Չինաստանում հնդկացորենի ալյուրից պատրաստում են շոկոլադ: Ճապոնիայում հնդկացորենը և բրինձը համարժեք են, իսկ Իտալիայի որոշ շրջաններում հնդկացորենի հատիկները չորացնում են և ուտում արևածաղկի պես:
Հնդկացորենը, երևի թե միակ բույսն է, որը չի վախենում մոլախոտից այլ ընդհակառակը՝ ճնշում է դրանց: Ցանելուց հետո ընդամենը մեկ տարի անց դաշտում չի մնում ոչ մի մոլախոտ:
Աչքերի խնամք
Աչքերը մեր տեսողության օրգաններն են: Դրանք շատ զգայուն են և նուրբ: Այսինք, պահանջում են հատուկ խնամք: Փոշուց, մանրէներից աչքերը պաշտպանում են կոպերը, թարթիչները և արցունքը: Արցունքը արտադրվում է արցունքագեղձերում:
Աչքերը պետք է մաքրել ամեն օր. ջրով առավոտյան և երեկոյան: Աչքերը լվանալիս ականջներից դեպի քիթը:
Մաշկի և մազերի խնամք
Մաշկը մեր արտաքին ծածկույթն է: Այն մեզ պաշտանում է արտաքին միջավայրի ազդակներից`ցրտից, շոքից, արևից, խոնավությունից, միկրոշբներից:
Մաշկը ունի երեք շերտ արտաքինը շերտը կոչվում է վերնամաշկ: Այն մշտապես փոխվում է նորով:
Մեջտեղի շերտը կոչվում է բուն մաշկ: Այստեղ գտնվում են մազարմատները, քրտնքագեղձերը (արտադրում են քրտինք) և ճարպագեղձերը (արտարդում են ճարպ):
Մաշկը պետք է լավ խնամել, որ առողջ լինի: Անեն օր պետք է լվանալ ջրով և օճառով: Գարնանը և Աշնանը մաշկը շատ է չորանում: ԵՎ տանից դուր գալուց մի քսուկ քսել կամ վազելին: